Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը

Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպիսին են մեծերը՝ ինչ ահռելի վաստակ էլ որ ունենան, որքան էլ որ վայելած լինեն համաժողովրդական սեր, խնկարկում ու մեծարանք, որքան էլ գնահատված լինեն իրենց ապրած ժամանակի մեծերից, միեւնույն է, ներքին մի տարակուսանք, անհանգիստ մի տագնապ պիտի ունենային, որ իրենց արածն առանձնապես մի բան չէ, մի երեւելի ժառանգություն չեն թողնում իրենց պաշտելի ազգին: Շատ են այդպիսի մեծերը, նրանց թվում եւ՝ Ջիվանին: Մինչդեռ իրողությունն այն է, որ հայ աշուղական արվեստը, Սայաթ Նովայից հետո, չի ճանաչում ավելի մեծ մեկին, քան Սերովբե Ստեփանի Լեւոնյանն է՝ մեր ժողովրդի հոգուն հավերժորեն մտերմացած Ջիվանին: Ինչ իմանար Ջավախքի Կարծախ գյուղում 1864 թ. ծնված եւ ութ տարեկանում որբացած փոքրիկը, որ դառնալու է իր պաշտած ազգի փառքերից մեկը: Ինչ իմանար, որ ձիու մազից սարքած իր «ջութակը» դառնալու է ճակատագիր՝ թեկուզ չապահովելով կեցության նվազագույն պայմաններ:

Հայկական աշուղական արվեստի հիմնադիրն ու ռահվիրան էր, որ վաստակեց աշուղական երգի համար դասական արվեստ կոչվելու իրավունքը: Բավական է փաստել, ինչպես երաժշտագետներն են վկայում, որ իրենց ստեղծագործություններում նրա երգերից եւ մեղեդիներից մեծապես օգտվել են Կոմիտասը, Մակար Եկմալյանը, Կարա-Մուրզան, այլ երախտավորներ: Իսկ ռուս գրականության ականավոր դեմքերը՝ Մաքսիմ Գորկին, Նիկողայոս Մառը, Վալերի Բրյուսովը, Ալեքսանդր Բլոկը, Ջիվանուն համարել են ժամանակի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկը, որի գործերն իր մահից հետո թարգմանվել են եվրոպական ու արեւելյան բազմաթիվ լեզուներով, հրատարակվել ու վերահրատարակվում են առ այսօր:

Նրա «Ձախորդ օրերը», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հայրենիքիս ջուրը», «Քանքարավոր ընկեր», «Այծյամ», «Պաղ աղբյուրի մոտ», «Մայրիկ» ու հոգեհարազատ տասնյակ այլ երգեր ապրում են ու շարունակում են հուզել մեր ցամաք հոգիներն իրենց մեղեդայնությամբ, հուզականությամբ, խոսքերի խորիմացությամբ: Հիրավի, որտեղի՞ց այդ ամենը գեղջուկ, ինքնուս մի բանաստեղծի, երգահանի արվեստում… Մի մարդու, ով ծխական դպրոցում ուսանելուց բացի, այլ կրթություն չէր ստացել, սակայն հայերենին տիրապետում էր այնպես, ինչպես միայն եզակիները՝ իր ժամանակակիցներից: Ավելին՝ գերազանց գիտեր մի շարք արեւելյան լեզուներ, տիրապետում էր գրաբարին, սերտել էր հայոց պատմագրությունը, հունական ու հայկական դիցաբանությունը, հռոմեական ու անտիկ շրջանի գրական կոթողները, նաեւ հայկական ու արեւելյան երգարվեստը, որոշ չափով անգամ՝ եվրոպական դասական երաժշտություն: Այս ամենը վկայում են նրա ֆենոմենալ ինքնության մասին, որը եզակի երեւույթներից է հայոց մշակութային պատմության մեջ:

Բախտի քվեատուփից վիճակով միայն «ախ ու հառաչանք» քաշած հանճարեղ հայի բարոյախրատական ողջ փիլիսոփայությունը խարսխված է մարդասիրության ու հայրենասիրության գաղափարների վրա: Եվ չեն սխալվել նրանք, ովքեր բարձրաձայնել են, թե Ջիվանու երգերը սերունդներ են դաստիարակել բարության, բարոյականության, սիրո, կարեկցանքի եւ հայրենասիրության ոգով:

Ի ծնե շռայլ տաղանդով օժտված Ջիվանին նախակարապետն էր, որ աշուղական լեզուն ազատեց պաճուճանքներից, օտարածին բառերից, մի կողմ նետեց արեւելյան ավանդական մեղեդիներն ու իր երգի համար մշակումներ արեց՝ օգտվելով հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունից: Նա առաջինն էր, որ կտրականապես հրաժարվեց արաբերեն, ֆարսերեն եւ թուրքերեն սիրավեպեր գրելուց: Փոխարենը խորամուխ եղավ գրաբարագիր տաղերի մեջ եւ յուրացնելով հայ դասական տաղաչափության ձեւերը՝ սինթեզեց դրանք աշխարհաբարին: Այդպիսով՝ նա ստեղծեց հայկական նոր աշուղական դպրոցի հիմքերը: Նորարարությունների, ինչպես եւ ժողովրդի մեջ տարածված համբավի համար Շիրակի ավագ եւ երիտասարդ սերնդի աշուղներն անվերապահորեն Ջիվանուն կնքում են ուստաբաշի՝ մեծամեծ, վարպետ աշուղի կոչումով: Իհարկե, դա մեծ պատիվ էր, նաեւ՝ պարտավորեցնող: Այդ կոչմանն արժանանալով՝ նա արդարացրեց բոլորի սպասումները:

Նա գլխավորեց իր արվեստակից ընկերներից կազմված նորաստեղծ միությունը, որի նպատակն էր գուսանական արվեստը որոշակի ուղղվածության վրա դնել ու մշակել ներքին կանոնադրություն: Այդ միավորումը պայքար սկսեց հայտնի աշուղների միջավայրում տարածված օտարամոլության եւ հայկական ավանդական երգարվեստի աղավաղումների դեմ: Այնուհետեւ ստեղծում է առաջին աշուղական դպրոցը եւ ինքն էլ դասավանդում նորեկներին, հաճախ նաեւ՝ փորձված աշուղներին:

1880-90-ական թթ. հայ իրականության մեջ չկար այնպիսի մի արվեստագետ, որ ունենար այն հեղինակությունը, ինչ Ջիվանին: Մարդիկ նրա երգերը ձեռագրերով էին փոխանցում միմյանց: Նրան սեփական աչքերով տեսնողը երջանիկ էր զգում իրեն, ճանաչողը՝ պատիվ համարում: Աշուղի արվեստն ասես խրատների, խորհուրդների ու սպեղանու հսկայական մի շտեմարան լիներ, որից յուրաքանչյուր ոք կարող էր օգտվել ու պատասխան գտնել իր հարցերին:

Որքան էլ ինքը սպեղանի էր իր ժողովրդի ցավերին, ամեն դեպքում, սեփական ցավերին ու հյուծող հիվանդությունն ամոքող ձեռքեր չեղան: Իշխանություններից հալածված աշուղը կյանքին հրաժեշտ տվեց 1909 թ.՝ ծայրահեղ թշվառ վիճակում: Տխուր այդ առիթով «Մշակ» թերթը հայտարարություն տարածեց. «Հիվանդ ժամանակ զուրկ լինելով նյութական օգնությունից՝ այժմ որ մեռել է, նույնքան դժվար դրության մեջ է ընկնում նրա թաղման գործը, պակասում է հայ գործչին թաղելու միջոց: Հրավիրում եմ օգնության գալ եւ դիակը գոնե հողին հանձնելու տխուր գործին նպաստել»:

Ինչո՞ւ է այդպես բոլոր ժամանակներում…

                                                                                                    Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]