1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի 
տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:

Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեև նախորդ տարին լի էր դժվարություններով և ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» և դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ և քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևորությունը տնտեսության վերականգնման և այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:

Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները առողջապահության, կրթության, էներգիայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեխնոլոգիական առաջընթացի համաշխարհային ժամանակակից նվաճումների տեղայնացման անհրաժեշտությունը նշյալ բոլոր ոլորտներում, ինչն էականորեն նպաստելու է պետության զարգացմանը և տեխնոլոգիական փոխակերպմանը: Հանդիպման օրակարգում էին նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, համավարակի հաղթահարմանն ուղղված անելիքների, դրա հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների, ինչպես նաև կլիմայի փոփոխության ու կանաչ տնտեսության ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]