1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նրա դպրոցը մայր բնությունը եղավ

Նրա դպրոցը մայր բնությունը եղավ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիսուն տարի շարունակ հրացանը ձեռքիս շրջել եմ մեր լեռնոտ ու քարքարոտ երկրում, սիրել եմ նրան իր հմայիչ եւ բոլոր ծուռումուռ կողմերով: Եվ քայլ առ քայլ ծանոթացել եմ նրան: Մեկը մյուսի հետեւից նա բացել է բոլոր գաղտնիքներն ինձ, որովհետեւ զգացել է, որ իր հարազատ որդին եմ, իր անբաժան մասը…

Ընդունիր՝ ինչ թողել եմ կածանի վրա, անտառի ոսկի խաշամների մեջ, լեռնային լճի փրփրոտ ափին: Ինչ տվել եմ, քոնն է, ինչ պահել եմ սրտումս՝ նույնպես քոնը: Ընդունիր հավատով, բարեկամս…

Բնությունն ինձ խնայում է, պահում-պահպանում: Ախր ես էլ իրեն սիրել եմ ամեն ինչից շատ: Հրաշալին էս է: Ես չեմ լինի, իսկ ա՛յ էն ծառը կմնա, էն խնձորները կմնան, էն քարափը կմնա: Տեսնես ինձնից էլ մի բան կմնա՞…»:

Վախթանգ ԱՆԱՆՅԱՆ

 

Այսպիսին են մեծերը՝ նրանք երբեւէ չեն գերագնահատում իրենց արած-դրածը, չեն ուռճացնում իրենց վաստակը: Ավելին՝ տարակուսում էին՝ տեսնես մի բան կթողնե՞մ… Այդպես էր մտածում հանճարեղ Թումանյանը՝ «Ինչ գրել եմ՝ ոտի վրա…»: Նմանապես եւ անմահ Ջիվանին՝ «Երկու չոր ու ցամաք երգեր են վաստակս…»: Նույնը եւ Վախթանգ Անանյանի պարագայում, մինչդեռ նրա ստեղծագործական ժառանգությունը մեր նոր գրականության նշանակալի երեւույթներից էր՝ իր ասելիքի եզակիությամբ: Մեկ այլ գրողի անհնարին է զուգահեռել, որն այնքան ջերմորեն նվիրված լիներ հարազատ երկրի վավերական պատմությանը՝ բնության իմաստով: Նա թողել է այնպիսի գործեր, որոնք իրենց տեսակի մեջ անկրկնելի են, եւ դժվար էլ հետայսու այդպիսիք ունենանք: Մինչդեռ մեր օրերում նրա անունն ասես մոռացված է: Նորանկախ Հայաստանում այս հեղինակի գործերը ցանկացել են նույնիսկ իսպառ հանել դպրոցական դասագրքերից, եւ սա այն դեպքում, երբ Վախթանգ Անանյան անունը մեր ամենահեղինակավոր գրողների կողքին է միշտ եղել: Գրական վիճակագրության տվյալներով՝ հայ գրողների մեջ իր գրքերի թարգմանություններով նա առաջին տեղում է եղել: Նրա երկերը թարգմանվել են 40 լեզվով՝ կազմելով ավելի քան 25 մլն տպաքանակ: Դեռեւս իր կենդանության օրոք միայն չինարենով տպագրվել է 8 մլն գիրք: Ողջ կյանքում որսորդությամբ զբաղված գրողն իջել էր Դիլիջանի սարերից՝ մեզ ու աշխարհին հայոց լեռների, կենդանիների, ծառ ու ծաղկի, գետ ու լճի, հայ մարդու մասին պատմելու: Եվ պատմեց իր «Որս», «Սեւանի ափին», «Հովազաձորի գերիները» հանրահայտ վեպերով, հարյուրավոր պատմվածքներով, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերով: Պատմեց «Հայաստանի կենդանական աշխարհը» ստվարածավալ աշխատություններով՝ հիացում ու զարմանք հարուցելով՝ այդ ինչպե՞ս, սարերից ու անտառներից, բնությունից անբաժան մարդուն որտեղի՞ց այդքան ժամանակ փաստագրական ահռելի նյութ, այդքան տեղեկություն հայթայթելու, պատմվածքներ, վիպակներ ու վեպեր գրելու, տուն ու տեղով զբաղվելու, զավակներ մեծացնելու: Հիրավի, ապշել կարելի է: Իսկ եթե ասվածին ավելացնենք նրա ստացած կրթությո՞ւնը… Լսենք իրեն՝ բնութենապաշտ գրողին. «Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը: Այն տեւեց ոչ ավելի, ոչ պակաս՝ չորս տարի: Դրանից հետո իսկական դպրոց այլեւս չեմ տեսել: Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի ծոցում քնում էի, հունձ անում, տավար պահում, որսի գնում…»: Իսկ ծխական դպրոցից դուրս էր մնացել ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով, որովհետեւ սուղ էր ընտանեկան վիճակը, այնքան սուղ, որ «Ճրագի լույսով հենց սկսում էի դաս պարապել, վերմակի տակից լսվում էր մորս դժգոհ ձայնը՝ նավթը վերջանում է, այ որդի, ինչ կարդալու ժամանակ է, քնիր, որ շուտ վեր կենաս…: Իմ շուտ վեր կենալը կարեւոր էր մեր ընտանիքի համար: Դեռ աքլորականչին հայրս արթնանում էր, վառում իր բուխարին, խրճիթը լցնում դառը ծխով եւ մի բան ուտելուց հետո գործիքները գոտին էր խրում ու ճամփա ընկնում: Գնում էր Դիլիջան՝ քար տաշելու եւ տներ կառուցելու: Կենդանիներին ես պիտի կեր տայի, տակները մաքրեի, ջրեի: Հետո գրքերս վերցնում էի ու անասուններին քշում հանդ: Գրքերը նոր հորիզոններ բաց արին իմ առջեւ, եւ իմ պատանի հոգին ճախրում էր այդ հորիզոնում…»:

Ամեն դեպքում, անկախ ուսման պակասից, բնատուր շնորհը անելու էր իր գործը. 1920-ից սկսում է թղթակցել Երեւանում հրատարակվող թերթերի՝ իր գրագիտությամբ ու նյութերի լրջությամբ հարուցելով խմբագիրների զարմանքը: 1926 թ. գալիս է մայրաքաղաք, աշխատում տարբեր թերթերի խմբագրություններում: Աշխատում է Խնկո Ապոր, Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի հետ: Սակայն գալիս է աղետալի 1937-ը: Նրան էլ են ցուցակագրում: Բարեբախտաբար, փրկվում է մահվան երախից: Եվ ժամանակի մղձավանջային վիճակի պատճառով 10 տարի նրա գրիչը մատնվում է անգործության: Բայց արդեն այնքան էր նրա համբավը մեծ, որ անգամ օտարազգի մեծանուն մարդիկ էին ցանկանում ծանոթանալ բնության կախարդ երգչի հետ: Պատահական չէր, որ 1960-ին Մոսկվայից Լուսակերտ՝ ուղիղ գրողի ամառանոց է գալիս աշխարհահռչակ Ժան Պոլ Սարտրը՝ անձամբ ծանոթանալու գրողի հետ: Եվ սա իրողություն է, ոչ հորինվածք: Ոչ էլ պատահական էր այն, որ «Ով ով է» միջազգային հանրագիտարանը Վախթանգ Անանյանին պիտի դասեր աշխարհի 100 ընտրյալ գրողների շարքը…

Հետաքրքիր է բնության հարազատ զավակի ծնունդը, որը հար եւ նման է Հայրիկ Մուրադյան մեծ երախտավորի ծնունդին: «Ասում են՝ ես անձրեւի տակ եմ ծնվել,-գրում է նա:- Առաջին ձայները, որ լսեցի, ամպի գոռոցն էր եւ անձրեւի շռնդալի թմբկահարությունը: Այդ ժամանակ, ասում են, մենք մեր վրաններն էինք խփել Բազումի լեռների գեղատեսիլ սարահարթում: Գոռում են ամպերը, կայծակը խփում է դիմացի ժայռին, եւ ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ հազար տեղից կարկատած մեր վրանում»:

Օրհնյալ ու բարեբեր ծնունդ…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]