Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին

Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը դրվեցին ընթերցողի 
սեղանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անտարես» հրատարակչությունը հայերեն է թարգմանել «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը: Գրքերը, որոնք կարող են հետաքրքրել ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև ընթերցողների լայն շրջանակին, հնարավորություն կընձեռեն զարգացնել մարքեթինգային հմտությունները, կարողությունները և հաջողել սկսած յուրաքանչյուր գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Գործարարի օրը՝ մարտի 3-ին Wine Time-ում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Անտարես»-ի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանն ասաց, որ գրքերն ամբողջ աշխարհում միլիոնավոր տպաքանակով են վաճառվել, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: «Մեզ համար շատ կարևոր էր, որ հայ ընթերցողը ևս իր մայրենիով կարդա չեմ վախենա ասել արդեն դասական դարձած այս գրքերը: Սեթ Գոդինը հայտնի գործարար է: Նա նաև մարքեթինգի մասին բլոգ է վարում, զանազան գրառումներով է հանդես գալիս, հաճախ խորհուրդներ է տալիս «Live»-երի միջոցով: Եթե փնտրեք մարքեթինգի մասին լավագույն գրքերի թոփ տասնյակը, այդ երկու գիրքն անպայման կգտնեք»,-շեշտեց Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ «Սա է մարքեթինգը» թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, իսկ «Մանուշակագույն կով»-ը՝ Աստղիկ Աթաբեկյանը: 

«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Սեթ Գոդինի գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն:

«Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացելու տարբերակ է»,-իր գրքում փաստում է Գոդինը:

Իսկ «Մանուշակագույն կով» գիրքը դասական բեսթսելեր է, որը բիզնեսի ամբողջ աշխարհին սովորեցրեց, որ ապահովը ռիսկային է, շատ լավը՝ վատ, և որ ամենակարևորն է, կա երկու տարբերակ՝ աչքի ընկնել կամ մնալ անտեսանելի: «Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր»,-նշում է հեղինակը:

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ գեղարվեստական, մանկական գրականությունից զատ հրատարակչությունը ներկայացնում է շարքեր՝ ընդգրկելով այնպիսի գրքեր, որոնց հեղինակները խոսում են գիտելիքի և դրա կիրառման հմտությունների մասին: Այդպիսի շարքերից են «ԳԱՄ»-ը (Գիտություն, արվեստ, մշակույթ) և «Մեկենաս» մատենաշարը:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում լույս են ընծայել «Սև կարապը», «Երբեք մենակ մի ճաշեք», «Մարզաշապիկներ և կոստյումներ», «Կայսրության կործանումը»: Առաջիկայում հրատարակելու են «Սխալ վարքագիծ», «Կորցնելով կուսությունս», «Ապագայի ֆիզիկան», «Ժամանակի համառոտ պատմությունը», «Նորարարների դիլեման», «Լավից դեպի մեծը» և մի շարք այլ գործեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]