Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան… Ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք

Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան… Ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին 
մնացեք

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը: Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա թե ինչ է երգը: Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են: Նրանց մեջ արտահայտված են եւ աշխատասիրություն, եւ անձնազոհություն, եւ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին…»:

Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Տասնամյակներ առաջ էր, երբ տողերիս հեղինակին՝ որպես լրագրող, հարցազրույցի առիթով բախտ վիճակվեց հանդիպել մեծանուն բանահավաք-երգչի հետ: Երբ վերհիշեց իր ծննդավայրը՝ Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղը, աչքերը խոնավացան, պատմեց, թե որտեղ, ինչպես է ծնվել ինքը. գարնանային արեւոտ մի օր մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջերում կանաչի հավաքելու: Հանկարծ երկինքը մթնում է, սկսված անձրեւը փոխվում է կարկուտի: Մայրն արհավիրքից պատսպարվելու համար հասնում է մերձակա ծանոթ քարայրը, որտեղ էլ սկսվում են երկունքի ցավերը: Եվ լուսաշխարհ է գալիս ինքը: Մայրը նորածնին փաթաթում է իր զգեստի կտորով: Հայրը, տեսնելով, որ եղանակը փոխվել է, փութալով հասնում է Առնոս լեռ՝ օգնելու խավրծիլ հավաքելու գնացած կնոջը: Քարանձավի մուտքի մոտ զարմանքով տեսնում է կնոջն ու նորածին զավակին, բերում է տուն: Հետագայում այս ամենի մասին Հայրիկը երգ էր գրելու՝ «Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ, Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր…»: Իսկ տանը ամեն մեկը յուրովի է մոտենում փոքրիկի լույս աշխարհ գալուն. երբ օրորոց են դնում, տատն անմիջապես մի չվան է բերում, դնում բարձի տակ՝ ասելով. «Թող շալակատար դառնա, մեջքն ամուր լինի»: Հայրը բերում է Նարեկը, դնում բարձի տակ. «Թող գրագետ լինի»: Իսկ պապը հանում է իր դաշույնը, ասում. «Թող ֆիդայի դառնա»:

Հետաքրքիր է նաեւ Հայրիկի անվանակոչության պատմությունը. երեխայի կնունքի արարողությունից առաջ Մուրադ պապը գնում է Վարագա վանք՝ Խրիմյան հայրիկի մոտ եւ ասում, որ ուզում է թոռանն իր անունով կոչել: «Որովհետեւ ես զգում եմ՝ նա քո նման երգասաց պիտի դառնա»: «Բայց չէ՞ որ փոքր է, այդ ինչպե՞ս կարողացար հասկանալ, որ երգասաց պիտի դառնա»,- հարցնում է Վեհափառը: Պապը պատասխանում է. «Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան…»:

Այո, ի սկզբանե էր նրան վերապահված աստվածային շնորհը, եւ, անկախ նախընտրած պատմաբանի մասնագիտությունից, Հայրիկ Մուրադյանն իր կյանքը իմաստավորելու էր հայ բառուբանով, հայ երգով ու նվիրումով իր կոչումին: Հայրենի գյուղի գեղեցիկ ավանդույթները, հարազատ մարդիկ մինչեւ կյանքի վերջ ուղեկցելու էին նրան իր չխամրող հուշերում: Սիրելի մարդկանց մեծ մասն անհետ կորչելու էր գաղթի ճանապարհներին՝ փրկվածների կյանքում դրոշմելով իրենց տառապանքի, դառնության եւ կարոտի հետքերը: «Մեր նախկին երգերի մեջ ամեն ինչ էլ կա,- ասում էր երգիչը,- եւ կարոտ կա, եւ պայքար: Մեզ մոտ մի սովորություն կար՝ բակում միշտ վառվում էր ավանդական խարույկը, նրա շուրջ հավաքվում էին գյուղի մարդիկ: Մենք՝ փոքրիկներս, ծվարում էինք գետնին կամ նրանց ծնկների մեջ եւ լսում նրանց: Էդ մարդիկ խոսում էին օրվա անցքերի մասին, երկրում տիրող դրության մասին: Այնպիսի գեղեցիկ բաների մասին, որ իսկական, մարդուն արժանի խոսակցություն էր, եւ մենք նրանցից շատ բան էինք սովորում: Խարույկի շուրջ նաեւ ժողովուրդը երգում է: Էդ երգերը ես սկսեցի սովորել…»:

Վանի դպրոցում սովորելիս նրա ուսուցիչներն են եղել Սիլվա Կապուտիկյանի հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, Մատիր Խերանյանը, պարոն Սենեքերիմը, այլ հայրենասերներ, որոնցից Հայրիկը սովորել է հայրենի երգն ու բանահյուսությունը:

1915 թ., երբ նա 10 տարեկան էր, Շատախի հայերը, նրանց հետ նաեւ Մուրադյանների գերդաստանը, ստիպված բռնում են գաղթի փշոտ ճամփան: Սովահար, հուսահատ՝ 54 հոգանոց գերդաստանն, անցնելով կոտորածների միջով, հասնում է Սալմաստ, այնուհետեւ կրկին վերադառնում Վան, հետո նորից Իրան եւ վերջապես՝ Իրաքի անապատներ: Դժոխային այդ ճանապարհներին ողջ են մնում միայն ինքը, մայրը, եղբայրն ու հորեղբայրը: 1921 թ. հաստատվում են Հայաստանում՝ Վերին Արտաշատ: Սկզբում պատանի Հայրիկն աշխատում է որպես բատրակ, զուգահեռաբար սովորում եւ ավարտում դպրոցը, ապա՝ Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը: Ավարտելուց հետո տարբեր շրջաններում վարում է պատասխանատու պաշտոններ, շփվում գեղջուկների հետ, նրանցից էլ սովորում եւ գրի է առնում հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր:

Ասենք, որ Հայրիկ Մուրադյանը եւս չի խուսափել ստալինյան բռնություններից. 1937 թ., որպես Խանջյանի դրածո, մեղադրվում եւ նետվում է բանտ… Այնուհետեւ մասնակցում է Հայրենականին, նոր դժոխքից վերադառնում շքանշաններով:

Վաթսուն տարեկանում հայկական ռադիոեթերով առաջին անգամ հնչում է նրա հոգեպարար երգը: Այնուհետեւ այդ երգը հնչելու էր ամենուրեք: Հնչելու էր հայկական ֆիլմերում:  Ստեղծելու էր «Զարթոնք», «Զվարթունք», «Ակունք», «Վան» ազգագրական երգի համույթները՝ սփռելով հայ երգի գոհարներն ամենուրեք: Հայրիկ Մուրադյանը, ով հավաքել եւ ձայնագրել էր 200-ից ավելի հայ ազգագրական երգի մարգարիտներ, պատգամելու էր ապրողներիս եւ գալիք սերունդներին. «Մեր հին երգերից հայկականություն է բուրում, անուշ բուրմունք է տալիս: Նրանց միջավայրում հայի ակունքներն են արթնանում: Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ: Սիրելիներս, վատը կտեսնեք՝ լավ մնացեք, չարը կտեսնեք՝ բարի մնացեք, ծույլին կտեսնեք՝ աշխատասեր մնացեք, վախկոտը կտեսնեք՝ քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք…»:

Արդյոք կզորե՞նք, հայ աստվածային երգի մեկնիչ ու աղոթարար…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]