Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայրենի ելևէջներ». Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում բացվեց Րաֆֆի Մաթևոսյանի անհատական ցուցահանդեսը

«Հայրենի ելևէջներ». Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում բացվեց Րաֆֆի 
Մաթևոսյանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի բնաշխարհն իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ արտացոլված է իննամյա նկարիչ Րաֆֆի  Մաթևոսյանի նկարներում, քանդակներում, որոնք ցուցադրված են Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում: Րաֆֆիի անհատական ցուցահանդեսում ընդգրկված է քսանվեց նկար, քսան քանդակ, որոնք փոքրիկն ստեղծել է մի քանի տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 2-ին, նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ Րաֆֆին հրաշամանուկ է, որի գործերում ներկայացվում է Տավուշը՝ իր վառ գույներով: Սարգսյանը տեղեկացրեց, որ Րաֆֆիի հայրը լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանն է, որը Արցախյան 44-օրյա հերոսամարտում զոհվել է: «Պատերազմի լուրն իմանալով՝ մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս մարտնչել է ամենաթեժ կետերում՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր, բայց հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է: Պատերազմն արտահայտվել է Րաֆֆիի միայն մեկ՝ «Կյանք ու կռիվ» նկարում, որը նույնպես ներկայացված է ցուցասրահում»,-պատմեց Սարգսյանն ու վստահեցրեց, որ հետագայում Րաֆֆին կարող է մեծ բարձունքների հասնել:

Րաֆֆին նկարում է հինգ տարեկանից. պատկերում է բնությունը, կենդանիների, սիրված մուլտֆիլմերի, որոնցից է «Գտնված երազ»-ը, գրքերի, որոնցից է «Փոքրիկ իշխանը» հերոսների, սիրով է նկարել մոր դիմանկարը: Խոստովանում է՝ այն իրեն դժվարությամբ է տրվել: «Սկզբում մատիտով էի նկարում: Այդպես հեշտ էր, իսկ երբ գույներ օգտագործեցի, բարդացավ: Նկարել եմ՝ մորս լուսանկարին նայելով: Մայրս այն հավանել է»,-նշեց Րաֆֆին ու վստահեցրեց, որ մեծ նկարիչ է դառնալու:

Րաֆֆիի մայրը՝ Շուշանիկ Ալոյանը շեշտեց, որ որդին շատ վաղ տարիքից է հետաքրքրվել նկարչությամբ և քանդակագործությամբ: Նկատելով երեխայի շնորհը՝ ծնողները նրան նկարչական խմբակ են տարել: Յոթ տարեկանում Րաֆֆիի առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել: «Նա ժամերով աշխատում է: Դպրոցի ուսուցիչները շատ լավն են: Կան 60-անց վարպետներ, ավելի երիտասարդ ուսուցիչներ, որոնք սիրով են աշխատում Րաֆֆիի հետ: Վարպետների հարցում Րաֆֆիի բախտը բերել է: Մենք նրան չենք ուղղորդում: Նա սիրում է գտնել նորը, հետաքրքիրը, չի նմանակում ոչ ոքի»,-ասաց Ալոյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 10-ը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]