Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արվեստի ավելի քան երկու հարյուր ինքնատիպ նմուշ ներկայացվեց «Գարնանային սալոն» ցուցադրությանը

Արվեստի ավելի քան  երկու հարյուր ինքնատիպ նմուշ ներկայացվեց «Գարնանային 
սալոն» ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած «Գարնանային սալոն» խորագրով ցուցահանդեսում այս տարի ներկայացված է երկու հարյուր և ավելի ցուցանմուշ՝ քանդակներ, կտավներ, արվեստի այլ յուրատիպ գործեր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսին, որը բացվեց մարտի 1-ին Նկարիչների միությունում, ցուցադրված են միայն միության անդամների ստեղծագործությունները:

«Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան երկու հարյուր արվեստագետ, որոնց աշխատանքները ներկայացված են Նկարիչների միության երեք հարկում»,-ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու հույս հայտնեց, որ ցուցանմուշները դուր կգան բոլոր այցելուներին: Նա ներկաներին շնորհավորեց գարնան առաջին օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, իսկ երկրին՝ խաղաղություն:

Նկարիչ Յուրի Խաչանյանը, որը ներկայացրել է «Տագնապ» կտավը, ասաց, որ համավարակը, պատերազմը իրեն ստիպեցին դադար առնել, հետո միայն շարունակել աշխատանքը: Նկարիչը չի մասնակցել «Աշնանային սալոն» ցուցադրությանը, հետո կարծել է, որ մեկուսանալը ճիշտ չէ և պետք է վերադառնալ միություն, որն իր հարազատ տունն է համարում, և մասնակցել «Գարնանային սալոն»-ին: «1981 թվականից Նկարիչների միության անդամ եմ և միշտ ակտիվ եմ եղել, հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, ստեղծագործել եմ: Ե՛վ իմ, և՛ միության համար հիմա նոր փուլ է սկսվում. անհրաժեշտ է վերադառնալ մեր ստեղծագործական կյանքին, ցույց տալ, որ ապրում ենք, շնորհալի, տաղանդավոր ազգ ենք: Փոքրաթիվ ենք, բայց արարում ենք: Վստահ եմ, որ յուրաքանչյուր նկարիչ  եթե ոչ 5 հազար, ապա հազար գործ ունի»,-նշեց Խաչանյանն ու հավելեց, որ  այդ գործերը մեր երկրի զենքն են:

Անդրադառնալով ոլորտի բացերին՝ նկարիչն ընդգծեց, որ չկան քննադատներ, որոնք կլինեն նկարիչների կողքին, կվոգևորեն նրանց: Խաչանյանի խոսքով՝ ժամանակին այդ գործառույթն իր ուսերին է վերցրել Հենրիկ Իգիթյանը, որը սերունդների է կրթել: «Շատ կցանկանայի, որ նկարիչների դուռը ծեծեին, հարցնեին, թե նրանք ինչ են նկարել, ինչ ծրագրեր ունեն: Կրկնում եմ, որ թե՛ միջին, թե՛ ավագ սերնդի փայլուն արվեստագետներ ունենք, որոնք հրաշալի գործեր են ներկայացրել, ինչը մեզ մեծ պատիվ է բերում: Այս ցուցահանդեսը մեր հաղթանակներից մեկն է»,-եզրափակեց Յուրի Խաչանյանը:

Նկարիչ Արթուր Հովհաննիսյանը «Գարնանային սալոն»-ում ցուցադրել է  Երևանը պատկերող եռանկար, որը մեկ ամբողջություն է: Կտավում իր տան պատուհանից բացվող տեսարանն է: Այս պարագայում ձմեռային տեսարան է: «Սա շարք է, որը ծնվել է վերջին ամիսներին: Նմանատիպ մի շարք աշխատանքներ եմ նկարել՝ պատկերելով տան դիմացի հատվածը, կողքը, շենքի տարբեր հատվածները տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին:  Շարքը պայմանական անվանել եմ «Քաղաք» »,-նշեց նկարիչն ու խոստովանեց, որ կտավները ստեղծելիս մտածել է, թե ինչ գույն ունի Երևանը: Ըստ նրա՝ Երևանը երբեմն սպիտակ է, երբեմն վարդագույն է, հաճախ արևաշատ, երբեմն էլ մոխրագույն:

Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ ինչպես փոխվում են մարդկանց տրամադրությունները, ընկալումները, այդպես էլ փոխվում է հայացքը դեպի քաղաքը՝ կախված իրավիճակից, այս կամ այն իրադարձությունից, ժամանակահատվածից և այդպես շարունակ:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]