Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ ՀՀ-ում այլևս «Մարտի 1» չի լինելու. Տիգրան Ավինյանի ուղերձը

Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ ՀՀ-ում այլևս «Մարտի 1» 
չի լինելու. Տիգրան Ավինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մարտի 1-ի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետի ուղերձը.

«13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, այն հափշտակեցին ժողովրդից: Այդպես պետությունն օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:  

Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին: Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով:

Այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում: Դրանք, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև 2008թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]