Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանի փառքի անկյունը

Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանի փառքի 
անկյունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Գևորգ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ փետրվարի 27-ին Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է փառքի անկյունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել դպրոցի աշակերտները, աշխատակազմը, Գևորգի հարազատներն ու ընկերները և ամենակարևոր հյուրը` նրա 2-ամսական որդի Տիգրանը:

«Փետրվարի 27-ին նա դարձավ 19 տարեկան: Ինչո՞ւ ներկա ժամանակով, որովհետև անհնար է Գևորգի մասին խոսել անցյալով: Ընկերների շրջանում նա մեծ հարգանք էր վայելում: Երաժիշտ էր։ Ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել»,- պատմում է Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը:

Պատմելով Գևորգի մասին`դասղեկ Սիլվա Հակոբյանը նշեց, որ նա բարի, հոգատար, հասուն և ըմբռնող տղա էր: Գևորգը դուդուկ էր նվագում, մասնակցում բոլոր առիթներին և միշտ խոնարհ էր.

«Իմ Գևորգի վառվռուն աչքերը աշակերտական սեղանից տեսնելիս երբեք չէի պատկերացնի, որ իր մասին պիտի խոսեմ այսպես: Երբ լսեցի նրա մահվան լուրը, սրտիցս մի կտոր պոկվեց, և ծանր վերք մնաց առհավետ: Ես իրենցից յուրաքանչյուրին յուրահատուկ ձևով էի սիրում՝ իրենց խենթություններով հանդերձ: Գևորգը մեր բոլոր միջոցառումների զարդն էր իր մեղմահնչյուն դուդուկով: Երբեք չէր չարանում, միշտ չափավոր էր և ժպիտը դեմքին: Իմ ցանկացած խնդրանք անկատար չէր թողնում, իրեն հատուկ եռանդով պատրաստ էր լինել բոլորի կողքին: Անչափ ընկերասեր էր, նրան շատ էին սիրում բոլորը, ինքն էլ՝ բոլորին: Աննկարագրելի ծանր է գիտակցել, որ այլևս չկաս, իմ պայծա՛ռ տղա: Թող Աստված լույսերի մեջ պահի հոգիդ, հերո՛ս»:

Գևորգ Մարգարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Հադրութում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]