Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-4/21. «Նոր գիրք» նախագիծը ներկայացնում է չորս նոր գիրք

«Նոր գիրք»-4/21. «Նոր գիրք» նախագիծը ներկայացնում է չորս նոր գիրք

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Արամ Ալավերդյան, «Զգուշավոր բաս»

«Արդի» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։

Այս ժողովածուում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։ Դա գրվածքների ինքնօրինակության հիմնական գրավականներից է։ Պատերազմը մենք սովոր ենք «ճանաչել» ընդհանրացված հայրենասիրական գնահատականներով կամ ռազմի դաշտում տեղի ունեցած հերոսական դրվագների նկարագրությամբ։ Այստեղ, սակայն, ընթերցողը կկարդա անձնական ողբերգությունների պատմություններ, արհավիրքը կտեսնի սովորական արցախցու՝ ընտանիքի հոր, մոր, եղբոր կամ քրոջ աչքերով։ 

Հեղինակն իր ոճում փորձել է հավատարիմ մնալ հարազատ վայրերում բնակվող մարդկանց լեզվամտածողությանը՝ նպատակադրված պահպանելով շարադրանքի որոշակի ժողովրդական, «անմշակ» երանգներ։ Միաժամանակ նա նյութ է թողել նաև բարբառներով հետաքրքրվող անձանց համար՝ պատմվածքներում ու ակնարկներում օգտագործելով հարյուրավոր խոսվածքային բառեր, դարձվածքներ ու դիմելաձևեր։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:


Թարգմանական գրականություն 
Ալեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը» 

Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան, խմբագիր`Մարգարիտ Սարգսյան: Գիրքը լույս է ընծայել Newmag - ը։

 

Մանկական գրականություն 
Յոհաննա Սփիրի, Հայդի

Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում: Այսօր Դյորֆլին, որտեղ նկարագրված են վեպի իրադարձությունները, հաճախ անվանում են Հայդիդորֆ՝ Հայդիի գյուղ: Լեռնային գյուղակում շատ քիչ բան է փոխվել. այն գրեթե նույն տեսքն ունի, ինչ հեռավոր անցյալում, երբ Յոհաննա Սփիրին գրում էր այս գողտրիկ պատմությունը: Թարգմանությունը գերմաներենից` Լիանա Սաֆարյանի, նկարազարդումները` Թոմի Ունգերերի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:


Փաստավավերագրական գրականություն 
Սեթ Գոդին, «Մանուշակագույն կով» 

Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:

Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան, խմբագիր՝ Գոհար Քալաշյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Համագործակցության համար հրատարակչությունները կարող են կապ հաստատել նախագծի հեղինակի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]