Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաշինյանը խոսեց «հող հանձնելու» մեղադրանքների, հրաժարականի պահանջի, իր ընտանիքի՝ երկրից գնալու լուրերի մասին

Փաշինյանը խոսեց «հող հանձնելու» մեղադրանքների, հրաժարականի պահանջի, իր 
ընտանիքի՝ երկրից գնալու լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանության կողմից իր իշխանությանն ուղղված մեղադրանքներին, թե «հող հանձնող են»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքին Փաշինյանը նշեց, որ իրեն մեղադրում են հող հանձնելու մեջ, սակայն ընդամենը մի քանի օր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: «Բա որ դուք ամեն ինչ արդեն պայմանավորվել էիք կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ ընդունել եք այդ պայմանները և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ, որ այդ կետին էիք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեիք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթը ստորագրեք: Մենք ասել ենք, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին և այսօր էլ ենք հավատում մեր բանակին»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաև անկեղծացավ՝ պատերազմից հետո շատ է մտածել հրաժարական տալու մասին: «Բայց ես ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ և ժողովուրդը պետք է որոշի իմ հեռացման հարցը»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հնչող տեղեկություններին, թե ինքն ու իր ընտանիքը «պատրաստվում են փախչել Հայաստանից»՝ Փաշինյանը հերքեց դա և ասաց. «Նույնիսկ եթե ամենադաժան վճիռը մեր նկատմամբ կայացնեք, դուք դրա իրավունքը ունեք, այնպես չէ, որ մենք չենք սխալվել»,-ասաց նա:

Նա հիշեցրեց՝  հեղափոխությունը անելիս՝ ասվել է, որ դա պետք է լինի սիրո և համերաշխություն, բոլորը պետք է շանս ունենան: «Ոչ մեկի նկատմամբ մենք վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ նոյեմբերի 9-ին մտնեն շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը: Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, թղթի վրա արդեն պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ, ասում էին՝ այս հողերն արդեն ծախված են, պայմանավորված է, կռիվն անիմաստ է, փախեք»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Փաշինյանն իր աջակիցների հետ քայլել էր Երևանի կենտրոնական փողոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]