Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ

ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական 
նախագծերի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից, Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի (ԵՄ-GAIA) շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։  

«Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1)      «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:

2)      ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:

Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից նաև հայտնում են, որ փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

 

 Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին:

«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (ԵՄ-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ