1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել պարենային անվտանգությունը

Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել 
պարենային անվտանգությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժի ռացիոնալ կանոնակարգման և օգտագործման համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

«Գարնանացանի աշխատանքներին ընդառաջ՝ մասնավորապես գարնանացան մշակաբույսերի մշակությունը խրախուսելու նպատակով, նախատեսվում է 50-70 տոկոսով սուբսիդավորել ձեռք բերվելիք սերմացուների արժեքը: Բացի այդ, նախատեսվում է գարնանացան մշակաբույսերի բերքի մթերման դիմաց հողօգտագործողներին տրամադրել լրավճար՝ յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 10-50 դրամի չափով՝ կախված մշակաբույսի տեսակից: Պտղատու այգիների հիմնումը խրախուսելու նպատակով՝ պայմանավորված մշակության եղանակով ու պտղատեսակով, յուրաքանչյուր 1 հեկտարին տրամադրվում է. ավանդական եղանակով մշակության դեպքում՝ 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ, իսկ  ինտենսիվ եղանակով մշակության դեպքում՝ 150 հազարից 2 մլն դրամ»,- մանրամասնեց Ավետիսյանը :

Բանջարաբոստանային բույսերի մշակությունը և դրանց ինքնաբավության մակարդակի ապահովումն Արցախում նախատեսվում է հիմնականում իրականացնել ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով:

«Պետությունը նախատեսել է ծախսերի մինչև 50 տոկոսի անհատույց փոխհատուցում՝ նվազագույնը 2 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցի համար: Բաց գրունտում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար ևս նախատեսվում է աջակցություն՝ 300 հազար դրամի չափով: Անհատույց կարգով լրավճարի տրամադրում է նախատեսվում ծխախոտագործության համար՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամի չափով»,-հայտնեց փոխնախարարը:

Անդրադառնալով պատերազմի ավարտից հետո շրջանառվող այն տեսակետին, ըստ որի Արցախի վերահկսողության ներքո գտնվող հողային ֆոնդն այլևս չի կարող լուծել պարենային անվտանգության խնդիրը, փոխնախարար Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ  մի շարք վիճակագրական ցուցանիշներ ցրում են այդ մտահոգություններն ու շեշտադրում հնարավոր լուծումները:

 «Նախնական հաշվարկներով պատերազմից հետո Արցախում առկա է շուրջ 35 հազար հեկտար վարելահող: Ցավոք, աշնանացանի աշխատանքների անցկացման օպտիմալ ժամանակահատվածը համընկնել է պատերազմական գործողությունների հետ: Այնուամենայնիվ, հնարավորինս սեղմ ժամկետներում հանրապետության տարածքում իրականացվել է շուրջ 20 հազար հա հացահատիկային մշակաբույսերի ցանք, այդ թվում՝ 11 հազար հա ցորեն, 9000 հա գարի: Հարկ է նշել, որ աշնանացան մշակաբույսերի սերմերը (էլիտա և առաջին վերարտադրության սերմեր) և ցանքի իրականացման համար անհրաժեշտ դիզվառելիքը հողօգտագործողներին են տրամադրվել պետության կողմից՝ անհատույց հիմունքներով: Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է մնացել ընդամենը 2 500 հա պտղատու այգի, այդ թվում. նռան՝ 500 հա, խաղողի՝ 900, թթի՝ 650 հա, հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր պտղատեսակների այգիներ՝ 450 հա»,- նշեց Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ հավաստիացնելով, որ 35 հազար հեկտար վարելահողային ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումն անկասկած հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Արցախի բնակչության պարենային անվտանգությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]