Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-3/21. «Նոր գիրք» նախագծում՝ նոր հրատարակած չորս գրքեր

«Նոր գիրք»-3/21. «Նոր գիրք» նախագծում՝ նոր հրատարակած չորս գրքեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

           Հայ հեղինակ
Անուշ Սարգսյան, «Անոն»

Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ։ Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Գուզել Յախինա, «Զուլեյխան բացում է աչքերը»

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Անտառաճանաչ գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը: Թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան խմբագիր`Մարգարիտ Սարգսյան: Գիրքը լույս է ընծայել Newmag - ը։

Մանկական գրականություն

Բեատրիքս Փոթեր
«Պատմություններ Պետրիկ ճագարի, Բեղ Սամուելի, Ընկուզիկ սկյուռիկի եւ մյուսների մասին»

Բեաթրիքս Փոթերի մանրապատում զրույցներում հանդես են գալիս հրաշքով մարդացած կենդանիներ ու թռչուններ: Այստեղ խոսող գազանիկների մի ամբողջ շքերթ է, որ գլխավորում են Պետրիկ Ճագարը, Տիմոթեոս մկնիկը, Եմիմա բադը և այլք: Որոշ կերպարների անձնանուններ հայացվել են` անունների միջոցով զավեշտական տպավորություն ստեղծելու հեղինակային մտադրությունը պահպանելու նպատակով: Նկարազարդումը` Բեաթրիքս Փոթերի: Թարգմանությունն անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Սեթ Գոդին, «Սա է մարքեթինգը»

Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքերը, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացելու տարբերակ է: Թարգմանությունը՝ Աստղիկ Օսկանյանի։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Համագործակցության համար հրատարակչությունները կարող են կապ հաստատել նախագծի հեղինակի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]