Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը

Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող: Իհարկե, կարելի է նախեւառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետեւ երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է: Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին: Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով… Ընդ որում, ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքն ունի, մարդկության եւ այս մոլորակի ճակատագրի մասին խոսելու իրավունքն ունի, որովհետեւ նկարել է «Մենքը» եւ «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել…»:

                                                                                 Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ, կինոգետ

 

Որքան պակասավոր պիտի լիներ հայ կինոարվեստը, եթե հայոց Շիրակ աշխարհը ծնած չլիներ իր հերթական հանճարներից մեկին՝ խոշոր գեղագետ, վավերագրական կինոյի աստված, դերասան ու սցենարիստ Արտավազդ Փելեշյանին: Նրա օրհնյալ ծնունդը 1938 թվականի փետրվարի 22-ին է, Գյումրիում: Մասնագիտական կրթությունն ստացել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Քրիստիի արվեստանոց): Տակավին ուսանողական հասակում նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել՝ ճանաչում ու հեղինակություն բերելով հեղինակին: 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել վավերագրական հատվածը: Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը  բեմադրել է «Աշնանային հովվերգություն» կինոնկարը:

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր, իսկ 1988-ին հրատարակված «Իմ կինոն» գիրքը, որն արժանացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակի, ներառելու էր նրա տեսական աշխատանքներն ու սցենարները: Փելեշյանական ֆիլմերում վերացված են խաղարկայինի եւ վավերագրականի միջեւ սահմանները՝ երկուսն էլ մոնտաժվելով իբրեւ իրական բանաստեղծական հյուսվածք կամ էություն: Գեղարվեստական ինքնատիպ ոճով եւ կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով են առանձնանում ուսումնառության տարիներին նկարահանած «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը: Դրանք 1964-1967 թթ. արարումներ են:

1969-ին է ստեղծվել «Մենք» համբավավոր ֆիլմը, որն արժանացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Այս ֆիլմում Փելեշյանն առաջին անգամ է օգտագործել դիստանցիոն մոնտաժի հիմնատարրերից. նախընտրել է կարեւոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ ակնդիրի վրա ունենում են առավելագույն ներգործություն: Կինոաշխարհի կախարդներից մեկը՝ Սերգեյ Փարաջանովը նրան անվանելու էր «բացառիկ կինոհանճար…»: Իսկ այս բնագավառի օտարազգի մեկ այլ դեմք՝ Գոդֆրի Ռեջիոն խոստովանել է. «Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է: Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը: Դժվար է ասել որն է ամենալավը… Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա՝ գնդակերպ շանթեր…»:

Փելեշյանական  արվեստով կախարդված օտարազգին այդ շանթերը տեսել է նրա վերը հիշատակված եւ «Բնություն», «Կյանք», «Վերջը», «Աստված Ռուսաստանում», «Մեր դարը», «Աստղային պահ», «Բնիկներ», «Երազանք», «Մարդկանց երկիրը» կինոարարումներում: Արարումներ, որոնք արժանացել են միջազգային տասնյակ ու տասնյակ բարձրագույն մրցանակների, իսկ իր գործունեության, հրատարակած ստեղծագործությունների  մասին գրքեր են գրվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Մեքսիկայում: Մեծ գեղագետի՝ կինեմատոգրաֆում թողած ժառանգությունը հետայսու ոչ միայն մերն է, այլեւ համայն աշխարհինը: Աշխարհը նաեւ Արտավազդ Փելեշյանով ճանաչեց հային ու Հայաստանը:

Երկարակեցություն մաղթենք վավերագրական կինոյի դասականին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]