1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց վերադարձի հարցը

Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված 
անձանց վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում  Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովից:

Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս Է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրել է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծել է միջազգային հանրության գործուն քայլերը:

Պատրիկ Սվենսոնը շեշտել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրել է Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպանը կարեւորել է այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասել է դեսպանը:

Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ է համարել գերեվարված անձանց վերադարձի հարցը:Անդրադարձ է կատարվել սույն թվականի մարտի 1-ից ՀՀ - ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են զարգացման հեռանկարները, կարեւորվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]