Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկրաշարժին հաջորդել է 100 հետցնցում. ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

Երկրաշարժին հաջորդել է 100 հետցնցում. ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ 
երկրաշարժի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում շարունակաբար շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,-նշում են նախարարությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նույն օրվա դրությամբ 100 հետցնցում է գրանցվել: «Ցնցումները գնալով նվազում են, և սեյսմիկ ակտիվությունը Փարաքարի օջախում թուլանում է: Հետցնցումները շատ ցածր մագնիտուդով են եղել, որոնք բնակչության համար զգալի չեն եղել»,-շեշտեց նա:

Այդուհանդերձ չպետք է անտեսել հնարավորությունը, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը չեն բացառվում: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակում է պահպանվել, և վերլուծությունները ցույց են տալիս, որ հնարավոր է թույլ և միջին ուժգնության երկրաշարժեր լինեն»,-նշեց Բաղդասարյանը:

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]