1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի համար հեշտ չի լինի վերադարձնել կորցրած դիրքերը

ԱՄՆ-ի համար հեշտ չի լինի վերադարձնել կորցրած դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկան այլեւս չի կարող բացակայել միջազգային ասպարեզից: Այս մասին երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Պետդեպարտամենտում: Սակայն, ինչպես գրում է «The New Yorker»-ի աշխատակից Ռոբին Ռայթը, ԱՄՆ-ի համար հեշտ չի լինի վերադարձնել իր դիրքերը: Դրանք այնքան ցածր են գլորվել, որ հիմա արեւմտյան առանցքային դաշնակիցներին ծայրահեղ դժվար է համոզել՝ հետեւելու Նահանգներին:

Ինչպես օրերս հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին, Ջո Բայդենի «առաջին սերը» «արտաքին քաղաքականությունն է»:

Այդ սերն արտահայտվեց փետրվարի 4-ին, երբ նախագահը, որը պաշտոնավարում էր ընդամենը երկու շաբաթ, դիմեց աշխարհին՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարությունում: Դա Բայդենի առաջին այցն էր դաշնային գործակալություն: Իր նախագահության ընթացքում Թրամփը միայն մեկ անգամ՝ 2018 թ. հասավ Պետդեպարտամենտ, որը Սպիտակ տնից ընդամենը հինգ թաղամաս հեռավորության վրա է: Այլ կերպ ասած՝ իր երդմնակալությունից 16 ամիս անց, այն էլ՝ միայն հանուն իր երկրորդ պետքարտուղարի՝ Մայք Պոմպեոյի երդման արարողության: Բայդենի ելույթն ազդարարեց Թրամփի հեռանալուց հետո Ամերիկայի տեղն աշխարհում վերականգնելու երկար ճանապարհորդության սկիզբը: «Ամերիկան վերադարձավ,- ասաց Բայդենը:- Մենք երկիր ենք, որը մեծ գործեր է կատարում: Ամերիկյան դիվանագիտությունը դրանք իրականություն է դարձնում: Մեր վարչակազմը պատրաստ է ստանձնել այդ դերը եւ կրկին դառնալ առաջնորդ»:

Բայց եթե խոսենք այսպիսի ընդգրկուն թեմայից, որը շոշափում է 21-րդ դարում Ամերիկայի հզորության եւ գլոբալ տարածքի բուն էությունը, Բայդենի ելույթն ավելի շուտ առաջին ցատկ էր ջրի մեջ, քան խորասուզում:

Բայդենը պահանջել է, որ Մյանմայում պետական հեղաշրջում իրականացրած զինվորական ղեկավարները (Միացյալ Նահանգները մինչ օրս այդ երկիրն անվանում է Բիրմա) անհապաղ վայր դնեն իրենց լիազորությունները: «Ուժը երբեք չպետք է ձգտի առավելություն ունենալ ժողովրդի կամքի նկատմամբ կամ փորձի չեղարկել արդար ընտրությունների արդյունքները»,- նշել է Բայդենը: Նա խոստացել է համագործակցել դաշնակիցների հետ, որպեսզի օգնի վերականգնել ժողովրդավարությունը Մյանմայում եւ ապահովի խունտայի կողմից ձերբակալված պետական պաշտոնյաների եւ ակտիվիստների ազատ արձակումը:

Բայդենի ելույթի առանձնահատկություններից մեկն այն էր, որ իր ելույթում բավական քիչ ուշադրություն դարձրեց Մերձավոր Արեւելքին եւ Հարավային Ասիային: Նա զարմանալիորեն չհիշատակեց Իսրայելը, Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը կամ Իրանի միջուկային գործարքը: Ինչ վեաբերում է Մերձավոր Արեւելքին, Բայդենը, այնուամենայնիվ, որոշակի քայլեր ձեռնարկել է՝ դադարեցնելու ռազմական աջակցությունը Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակողական գործողություններին, այդ թվում՝ դադարեցնելով զենքի վաճառքը: Նա Եմենում նշանակել է հատուկ բանագնաց, որպեսզի օգնի ավարտելու վեցամյա հակամարտությունը, որն աշխարհի ամենածանր մարդասիրական ճգնաժամի պատճառ է դարձել, ներառյալ սովն ու հիվանդությունները, եւ երկրի 30 միլիոն բնակչության մոտ երկու երրորդին թողել առանց մաքուր ջրի:

Պենտագոնի կողմից աշխարհում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության հարցի վերանայման շրջանակներում Բայդենը հայտարարել է Գերմանիայից ամերիկյան 12 000 զինվորականների դուրսբերումը դադարեցնելու մասին: Գերմանիայից հեռանալու վերաբերյալ որոշումն ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփը կայացրել է 2020 թ. հունիսին՝ այդպիսով տագնապ առաջացնելով Եվրոպայում եւ անհանգստացնելով Կոնգրեսի երկու կուսակցություններին:

Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ցանկացած քայլ կկատարվի՝ «հաշվի առնելով ամերիկյան աշխատավոր ընտանիքների հետաքրքրությունները»: Սակայն ազնիվ նպատակներն ու սկզբունքների վրա հիմնված մտադրությունները չեն օգնի լուծել Ամերիկայի թուլացող միջազգային դիրքի խնդիրը, չեն օգնի նոր նախագահին՝ հաջողությամբ իրականացնելու իր արտաքին քաղաքական օրակարգը: «Ամերիկան այլեւս չի կարող իրեն թույլ տալ բացակայել համաշխարհային բեմից»,- ասել է Բայդենը: Սակայն այս կամ այն երկրին ու խնդրին վերաբերող նրա յուրաքանչյուր հայտարարությունից հետո հարց է առաջանում. ինչպե՞ս է նա պատրաստվում դա անել: Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը գիտի, որ իր երկիրն այլեւս չի ցանկանում ներգրավվել ցանկացած ռազմական արշավում՝ հակառակորդի վրա ճնշում գործադրելու համար, իսկ տնտեսական պատժամիջոցներին տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ են պետք, որպեսզի սկսեն զգալի ազդեցություն ունենալ, եթե նման բան ընդհանրապես հնարավոր է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ Իրանի Գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին արդեն երկար տարիներ հաջողությամբ հաղթահարում են Միացյալ Նահանգների պատժամիջոցները: Բոլորն էլ հասկանում են, որ Պուտինն ու Սին պատրաստ են բախվել պատժամիջոցների հետ՝ վերահսկողությունը պահպանելու համար, եւ ԱՄՆ-ը չի կարող այդ երկու երկրների հետ հարաբերությունները դարձնել մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի պատանդ, առավել եւս, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ կենսական այլ շահեր: Միացյալ Նահանգները չի կարող ստիպել ուրիշներին գործել այնպես, ինչպես իրեն է պետք:

Եվրոպայում Միացյալ Նահանգների խնդիրն ԱՄՆ-ի առանցքային դիվանագիտական, տնտեսական ու ռազմական դաշնակիցներին համոզելն է՝ կրկին հավատալու իրեն: Ոմանք կարծում են, որ Միացյալ Նահանգները, որը տասնամյակներ շարունակ եղել է աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարությունը, ընդմիշտ կորցրել է իր դիրքերը: Հին աշխարհում կատարված սոցհարցումների արդյունքներով՝ եվրոպացիների մեծ մասը մտածում է, որ ամերիկյան քաղաքական համակարգը քանդվել է, եւ իրենք պաշտպանության հարցերում այլեւս չեն կարող հույսեր կապել նրա հետ, իսկ Չինաստանն էլ շուտով նրան դուրս կմղի համաշխարհային առաջատար տերության դիրքերից: Մի խոսքով՝ նրանց դուր է գալիս, թե ինչի համար է պայքարում Բայդենը, սակայն վստահ չեն, որ ԱՄՆ-ի առաջնորդը կկարողանա իրականացնել իր ծրագիրը: Եվրոպայի բնակիչներին անհանգստացնում է նաեւ այն հարցը, թե ով կփոխարինի Բայդենին:

Ամերիկայի հեղինակությունն աշխարհում հասել է այնպիսի ցածր կետի, որ հիմա արեւմտյան դաշնակիցներին համոզելը բարդ է անգամ այնպիսի հարցում, ինչպիսին միավորվելն է հանուն Չինաստանին դիմակայության: Դաշնակիցների վստահությունը վերադարձնելու համար Բայդենի վարչակազմը պետք է վերանայի դաշինքները, այլապես հնարավոր չէ կարծել, որ մյուս երկրներն ինքնըստինքյան կհետեւեն նրան: Իսկ առաջին հերթին ԱՄՆ-ի նախագահը պետք է ապացուցի, որ իր երկիրը բավարար դիմադրողականություն ունի սեփական նպատակներին հասնելու համար:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]