Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թունելախորշ, դեֆորմոգրաֆ,թեքաչափ.երկրաշարժերը գրանցող տարածաշրջանի բացառիկ կայանը գործում է Գառնիում

Թունելախորշ, դեֆորմոգրաֆ,թեքաչափ.երկրաշարժերը գրանցող տարածաշրջանի 
բացառիկ կայանը գործում է Գառնիում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գառնիում` 375 մետր երկարությամբ և 60 մ խորությամբ թունելախորշում է գտնվում Հայաստանի` երկրաշարժերը գրանցող ամենազգայուն սարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այստեղ են տեղակայված դեֆորմոգրաֆ սարքը, ստատիկ ուղղահայաց ճոճանակը (թեքաչափ), ԱՄՆ eրկրաբանական ծառայության Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիան, աերոսեյսմիկ կայանը և այլն:

«Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աննա Բայրամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կենտրոնում կա նաև երկրաքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են ջրանմուշառումներ, որոշվում է հանքային աղբյուրների ջրերում քիմիական տարրերի կազմի փոփոխությունը:

«Մեր կենտրոնում ունենք նաև հիդրոերկրադինամիկական կայաններ, որտեղ հորատանցքներում ջրի մակարդակի տատանումներն են գրանցվում, կան նաև երկրաֆիզիկական, բիոմագնիսական դաշտի չափման կայաններ, ինչպես նաև համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի կայանը, որը բաշխված է Հայաստանի և Արցախի տարածքում:  

Բայրամյանը նշեց, որ կենտրոնում առկա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից ստեղծված պրեցեզիոն լազերային ինկլինոմետրի միջոցով հնարավոր է անգամ աննշան միկրոսեյսները կառավարել:

 «Գառնի» սեյսմիկ կայանի սենյակներից մեկում, որտեղ 24-ժամյա ռեժիմով իրականացնում են սեյսմիկ վտանգների գնահատում, պատին կախված մի քարտեզ կա, որի վրա երևում են ՀՀ վտանգավոր խզվածքները, Գառնին էլ հենց այդ շարքում է: Այս կենտրոնում անալիզի են ենթարկվում նաև ստորգետնյա ջրերը:

Լրագրողների հետ զրույցում Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի տնօրենի խորհրդական Ռուբեն Ստեփանյանը նշեց, որ թունելախորշում գտնվող դեֆարմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղևի հարաբերական դեֆորմացիաները, որը ևս երկրաշարժերի նախանշան է:

«Այս աշխատանքը կատարվում է Ռուսաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ: Սարքն այս պահին գտնվում է վերանորոգման և կատարելագործման փուլում: Խորհրդային միության տարիներին այն անալոգային է եղել, այժմ այն թվային է»,- ասաց Ստեփանյանը:

Խոսելով թունելախորշում տեղակայված ստատիկ ուղղահայաց ճոճանակի (թեքաչափ) մասին՝ Սեյսմիկ վտանգի գնահատման վարչության պետ Անի Գևորգյանը նշեց, որ այն հեղինակել են Չեխիայի լեռնային ինստիտուտի մասնագետները:

«Այն կախված է բովվածքից, ունի 8 մետր երկարություն: Սարքը վերևից ամրացված է, իսկ ներքևում գտնվում է գրանցման համակարգ: Այն իրենից ներկայացնում է թվային տեսախցիկ և միկրոսկոպ: Ճոճանակի տակ կա հատուկ միկրոռաստր, և  յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ անգամ այդ տեսախցիկը ֆիքսում է միկրոռաստրի տեղաշարժը: Այն մշակվում է հատուկ ծրագրային ապահովմամբ և այդպիսով որոշվում են երկրակեղևի թեքումները»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ այն նախատեսված է բնական ու տեխնածին գործընթացներ ուսումնասիրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]