Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-1/21. Հայաստանում հրատարակվող նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի նախագծում

«Նոր գիրք»-1/21. Հայաստանում հրատարակվող նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի 
նախագծում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի շարունակելու է ընթերցողի դատին հանձնել հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Հայկ Սիրունյան, «Ադամամութ»

«Արդի» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում երիտասարդ հեղինակ Հայկ Սիրունյանի «Ադամամութ» ժողովածուն, որ ներառում է նրա բանաստեղծություններն ու էսսեները։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ժողովածուն ընդգծում է Սիրունյանի ասելիքը, իսկ նրա ուրույն ձեռագիրը կանխորոշում է, որ իր արժանի տեղն է զբաղեցնելու հայ ժամանակակից գրականության մեջ։ Գրքում հեղինակը հմտորեն կարողացել է կամուրջ ստեղծել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն 
Թորնթըն Վայլդեր, «Սուրբ Լուիս արքայի կամուրջը»

«Օտար գիր» մատենաշարով լույս է տեսել Թորնթըն Վայլդերի «Սուրբ Լուիս արքայի կամուրջը» վեպը:  Ճակատագիր, պատահար, օրինաչափություն, թե՞ Աստծու միջամտություն… Բախտորոշ իրադարձություններին անդրադառնալիս, մենք հաճախ մոլորվում ենք այս տարբերակներում։ XX դարի ամերիկյան գրականության գլուխգործոցներից մեկը համարվող, Թորնթըն Վայլդերի 1927-ին գրված այս այլաբանական վիպակը կարող է ընթերցողին օգնել կողմնորոշվել, բայց ո՛չ ավելին: Անգլերենից թարգմանել է Արտաշես Էմինը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկական գրականություն 
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Փոքրիկ արքայադուստրը»


Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ հմայքը մեծ ու փոքր ընթերցողների համար:
Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի: Նկարազարդումները` Ռեջինալդ Բ. Բըրչի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն 
Սամվել Գևորգյան, «1 րոպե անց»


«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանի նոր՝ «1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են #ՄիշտԱռաջ:

«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ` կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Համագործակցության համար հրատարակչությունները կարող են կապ հաստատել նախագծի հեղինակի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]