1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր շուկաներ, լուծումներ ու նախագծեր. Ղազախստանում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum»-ը

Նոր շուկաներ, լուծումներ ու նախագծեր. Ղազախստանում աշխատանքն է սկսել 
«Almaty Digital Forum»-ը

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր այցելուի ջերմաչափում, ախտահանիչ միջոցների տրամադրում. համավարակի բոլոր կանոնները պահպանելով՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum 2021» համաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների, միջազգային փորձագետների մասնակցությամբ: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի քննարկումների առանցքում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակում թվայնացման օրակարգի ձևավորումը, թվային վերափոխման նոր ռազմավարություններն ու տեխնոլոգիական միտումները: Մասնակիցներն անդրադառնալու են միջազգային համագործակցության հետագա քայլերին ու հեռանկարներին:
Այս տարի օրակարգը ձևավորվում է` հաշվի առնելով գլոբալ փոփոխությունները, որոնք ծագել են «COVID-19» համավարակով պայմանավորված։
Թվային համաժողովի «Թվային վերբեռնում. Թռիչք դեպի նոր իրականություն» լիագումար նստաշրջանին Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեսաուղերձով իր ողջույնի խոսքն ուղղեց համաժողովի մասնակիցներին։  Նա ընդգծեց, որ համավարակը մի կողմից բացասական ազդեցություն թողեց տնտեսության, հանրային առողջության վրա,  մյուս կողմից  ամբողջ աշխարհում թռիչքային աճ ունեցավ տեխնոլոգիաների, թվային գործիքների կիրառումը։
«Հեռաբժշկություն, հեռավար կրթություն, ծառայությունների թվայնացում և այլն. այս հարցում զգալի աշխատանք է կատարվել։ Ղազախստանում պետական ծառայությունների 90 տոկոսը էլեկտրոնային տարբերակով են։ Ապագան ինովացիայինն է ու նոր տեխնոլոգիաներինը։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև այն, որ թվային հնարավորությունները նաև պատասխանատվություն են ենթադրում դրանց խելամիտ օգտագործման հարցում»,-ասաց Ղազախստանի նախագահը։

Թվային կապն այսուհետ ճոխություն չէ, այն պարտադիր բաղկացուցիչ է մեր առօրյայում։ Այս մասին իր տեսաուղերձում նշեց Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բերգե Բրենդեն։ Նա ընդգծեց, որ բիզնեսն ու պետությունը պետք է սերտորեն աշխատեն։ Աշխարհում դեռ կան բավական մեծ թվով մարդիկ, որոնք օֆլայն են ինտերնետի բացակայության պատճառով։ Եվ պետությունները դեռ շատ անելիք ունեն այդ ուղղությամբ։
Google-ի փոխնախագահ Վինտ Սերֆն, ով համարվում է ինտերնետի հայրը, իր տեսաուղերձում ևս ընդգծեց այն, որ տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգահեռ ոչ բոլորն ունեն հնարավորություն օգտվելու համացանցից։ Այստեղ ի հայտ են գալիս անհավասար պայմաններ։ Վինտ Սերֆը հավելեց, որ այդ թույլ կողմն ընդգծվեց հատկապես համավարակի ընթացքում, երբ մարդիկ տարբեր ծառայություններից օգտվելու համար կարիք ունեին ինտերնետի, բջջային հավելվածների օգտագործման։
Բանախոսներն ընդգծում են, որ թվային տեխնոլոգիաների ծավալների ընդլայնմամբ առաջ են գալիս տեղեկատվության անվտանգության խնդիրները։ Շատ են դեպքերը, երբ տեխնոլոգիաների կիրառումը կատարվում է ոչ կառուցողական նպատակներով։ Բանախոսների հորդորն է համատեղել ջանքերն ու գործել սերտ համագործակցությամբ։

Թվային տեխնոլոգիաները Հայաստանում ամենազարգացող ուղղություններից են։ Արդյունքներն ու թվային տվյալները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր ելույթում։
«Թվայնացումը, ինովացիան, նոր տեխնոլոգիաները Հայաստանի կառավարությունը դիտարկում է որպես կարևոր գործիք պետական կառավարման արդյունավետության, բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմաններ ապահովելու տեսանկյունից։ 2020 թվականին Հայաստանի ՏՏ ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով։ 2020 թվականին այս ոլորտում աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով։ Ներկայում ոլորտում առկա է 1200 գործող ընկերություն»,-ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, համավարակը  բարդ խնդիր դրեց կառավարության առաջ։ Նման խնդիրների լուծումը հանգեցրեց թվային տեխնոլոգիաների լայն կիրառմանը, նոր մշակույթի ձևավորմանը։ Ըստ վարչապետի՝
Հայաստանում կիրառել են թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:
Հայաստանը նախատեսում է պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։

«Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճամփորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, և մենք շնորհակալ ենք հիմնադրամի և Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար»,-հավելեց վարչապետը:
Հայրենի ՏՏ ընկերությունների լուծումները և նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունը, տարածաշրջանային գործընկերների հետ գործարար կապերի խթանումը և թվայնացման նախագծերի հանրահռչակումը ֆորումի հիմնական թեմաներն են: Ֆորումի շրջանակում նախատեսված նախագծերի ցուցահանդեսին հնարավոր կլինի հետևել առցանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]