Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Որոշեցի՝ եթե 100-ից մեկը պետք է բուժվի՝ ես պետք է լինեմ. քաղցկեղը հաղթահարած կինը կոչ է անում պայքարել

Որոշեցի՝ եթե 100-ից մեկը պետք է բուժվի՝ ես պետք է լինեմ. քաղցկեղը հաղթահարած 
կինը կոչ է անում պայքարել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի 11 ամիսների կտրվածքով քաղցկեղը շարունակել է մնալ մահվան հիմնական պատճառ հանդիսացող երկրորդ հիվանդությունը, սակայն ուռուցքաբան Լիանա Սաֆարյանն իր պրակտիկայում հանդիպած դեպքերով է պնդում՝ առողջացումն էլ քիչ չէ. հիվանդության վաղ հայտնաբերումը հիմնականում օգնում է խուսափել հետագա բարդություններից, բուժվելու հավանականությունն ավելի մեծ է լինում: Քաղցկեղը հաղթահարած Աշխեն Հարությունյանն էլ սեփական փորձով է ասում՝  նախատրամադրվածությունը ևս մեծ դեր ունի բուժման գործում, պետք է առաջ նայել ու պայքարել:

«Վերջին 10 տարվա կտրվածքով քաղցկեղով հիվանդացության դեպքերի որոշակի ավելացում նկատվում է: Սակայն թվերը գրեթե նույնն են, շատ ակնհայտ ավելացում չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Լիանա  Սաֆարյանն ու հավելեց, որ տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացության առաջին տեղում թոքի քաղցկեղն է, կանանց մոտ՝ կրծքագեղձինը:

Նրա խոսքով՝ որոշակի տեղերում աշխատողները պարտադիր սքրինինգ հետազոտություններ են անցնում, արդյունքում լինում է վաղ ախտորոշում, ինչի շնորհիվ բուժումն ավելի արդյունավետ է լինում: Հիվանդության վաղ փուլում հայտնաբերումը էապես օգնում է բուժման հարցում: «Անգամ այն տեսակները, որոնց կրկնման հավանականությունը շատ բարձր է, առաջին ստադիայում հայտնաբերելու դեպքում շատ բարձր առողջացման տոկոս ունեն: Սակայն կան ուռուցքներ, որոնց անգամ նախնական ստադիաներում հայտնաբերելու դեպքում կրկնման հավանականությունը շատ բարձր է: Բայց շատ կարևոր է վաղ ախտորոշումը, հայտնաբերումը և բուժման ճիշտ կազմակերպումը»,-ասաց ուռուցքաբանը:

Հարցին, թե ինչ կարելի է անել քաղցկեղի առաջացումը կանխելու համար, բժիշկը պատասխանեց, որ այդ հիվանդության առաջացման պատճառները շատ են: Կարևոր է ժառանգական նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները, ճարպակալումը, շրջակա միջավայրը: «Այսպիսով` որոշները կախված են մեզնից, որոշները՝ ոչ: Օրինակ՝ժառանգական նախատրամադրվածությունը մեզնից կախված չէ: Սակայն, այս դեպքում էլ, գենային մակարդակով կարելի է որոշել, և եթե կա ժառանգական ծանրաբեռնվածություն, հետազոտություններն ավելի հաճախ անցնել կամ էլ որոշակի կանխարգելիչ վիրահատություններ անել, օրինակ կանայք գնում են ռադիկալ մաստեկտոմիայի, որպեսզի իրենց մոտ կրծքագեղձի քաղցկեղ չառաջանա»,-ասաց բժիշկը:

Այսպիսով` մասնագետը խորհուրդ է տալիս՝ եթե կա ժառանգական ծանրաբեռնվածություն, ավելի հաճախ հետազոտվել: Նա ծխող մարդկանց խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ կամ 6 ամիսը մեկ անգամ անցնել ֆլյուրոգրաֆիա, թոքերի ռենտգեն հետազոտություն: Բժիշկը նաև հորդորում է քիմիական գործարաններում կամ այլ վնասակար նյութերի հետ աշխատող անձանց ավելի հաճախ հետազոտվել: «Պետք է նաև ուշադիր լինել գանգատներին, «չգցել ականջի հետև»,  այն, ինչ կարելի է առաջին կամ երկրորդ ստադիայում վաղ ախտորոշել ու բուժել, 4-րդ ստադիայում շանսերը շատ ավելի քիչ են»,-ասաց բժիշկ Սաֆարյանը:

Բժշկի պրակտիկայում էլ բուժվելիության դեպքեր բավականին շատ են եղել՝ այդ թվում վաղ հայտնաբերման հաշվին: Կան տեսակներ, որոնք շատ լավ ենթարկվում են բուժման: Նա նաև նշում է, որ ճիշտ բուժմամբ քաղցկեղի հետ կարելի է երկար տարիներ ապրել: «Քաղցկեղի տեսակներ կան, որոնք հորմոնալ բուժում են պահանջում: Օրինակ կան մարդիկ, որոնք կյանքի մի շրջանում ունեցել են քաղցկեղ, որից հետո պարտադրվում է հորմոնալ բուժում: Պրոստատի քաղցկեղի հետ երկար ժամանակ հորմոնալ բուժմամբ մարդը կարող է ապրել: Շատ կան այդպիսի դեպքեր»,-ասաց նա:

Բժիշկը համաձայն է այն տեսակետին, որ քաղցկեղը միանշանակ դատավճիռ չէ: Շատ դեպքեր կան, երբ մարդիկ առողջանում են: Նա շեշտում է, որ լավացման դեպքերը բժիշկներին հնարավորություն ու ուժ են տալիս՝ հետագայում շարունակելու իրենց գործը:

Աշխեն Հարությունյանը մեկն է այդ երջանիկներից: Նա հիվանդությունը համարում է փորձություն՝ իր ու իր  ընտանիքի համար, սեփական փորձով կոչ անում՝ առաջ շարժվել ու պայքարել: Նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 36 տարեկանում՝ 2016-ի սեպտեմբերին: «Ես ինքնազննումով կասկած եմ ունեցել, գնացել եմ բժշկի: Հետո դիմել եմ տարբեր բուժհաստատություններ, վերջապես գտել եմ ինձ հարմարը: Նոյեմբերին վիրահատվել եմ ու դեկտեմբերին սկսել քիմիաթերապիան: Քիմաթերապիաս ավարտել եմ մայիսի 4-ին, մեկնել եմ Ռուսաստան՝ ճառագայթային բուժում ստանալու համար: Հուլիսի 7-ին վերադարձել եմ»,-ասաց նա ու հավելեց՝ այսպիսով գրեթե 1 տարում բուժվել է:

Աշխենի խոսքով՝ առաջին արձագանքները եղել են հետևյալը՝ նախ փորձել է չհավատալ, թեև ներքին ձայնը հուշել է, ապա եկել են ինչուները՝ ինչու հենց ինքը: Եղել է նաև վախ, սակայն անկեղծանում է՝ ուժ են տվել նաև երեխաները: «2016-ին երեխաներս 12 և 9 տարեկան էին: Նրանք, լսելով քաղցկեղ բառը, սթրես տարան, ասում էին՝ մամա չես մահանալու: Դա ուժ տվեց, որ իրենց պատասխանեմ՝ չէ, մաման չի մահանալու, սակայն փոխվելու է, մազերը թափվելու են»,-հիշում է նա:

Աշխենը շեշտում ՝ բուժման հույսն ինքն ունեցել է, թեև ընթացքում եղել են տրամադրության անկումներ: «Մի շրջան եկավ, երբ ստադիան 3-րդի կարգի էր, կրկնվելու հավանականություն կար: Բայց ես իմ մեջ որոշեցի՝ եթե կա հարյուրից մեկ տոկոս, որ պետք է բուժվի, դա ես եմ լինելու: Եվ ես բուժվել եմ: Բժիշկներն ինձ շատ են օգնել»,-ասաց նա:

Աշխենը վստահ է՝ նախատրամադրվածությունը հիվանդության բուժման գործում միանշանակ մեծ դեր ունի: Նա անգամ ֆիլմից մեջբերում արեց՝ կարևոր չէ, թե քանի օր է քո կյանքում, կարևոր է, թե ինչքան կյանք կա քո օրերի մեջ: Ասում է՝ երբ մարդ ընկճվում է, իմունիտետի անկում է լինում, արդյունքում հիվանդությունը կարող է ավելի ագրեսիվանալ: Աշխենի համար շատ մեծ նշանակություն է ունեցել ընտանիքը՝ ամուսինը, երեխաները, ընկերները: «Թեպետ իրենք էլ ասում են, որ ես եմ իրենց ուժ տվողը եղել, չեմ կոտրվել: Բայց ամեն դեպքում, դա եղել է: Շատ կարևոր է հարազատների մոտեցումը դրան»,-ասաց նա:

Այս հիվանդությանը բախված անձանց Աշխենը կոչ ունի. «Նայել առաջ, լսել բժիշկներին ու հույսով, հավատով բուժվել: Միևնույն է, ոչինչ չենք կարող փոխել, ունենք այն, ինչ ունենք, պետք է նայենք առաջ ու պայքարենք, քանի որ կյանքը պայքար է»,-ասաց նա:

Հիվանդությունը հաղթահարած կնոջ խոսքով՝ միջավայրը ևս շատ կարևոր է, ինքը այդ ընթացքում շփվել է դրական մարդկանց հետ, դրական վայրեր է այցելել: Բոլորի հարցերին էլ պատասխանել է՝ շատ լավ է: «Խորհուրդ եմ տալիս վատը չմտածել: Առաջ ենք նայում, պայքարում ենք: Կյանքը դա է»,-ասաց նա: 

Աշխենն արդեն 5 տարի է, ինչ հաղթել է հիվանդությանն ու ապրում է իր լիարժեք կյանքով:  Սակայն օրական մեկ կոճակ հորմոնալ դեղ է խմում, տարին մեկ անգամ հետազոտություններ անցնում: Բարդություններ չեն եղել: Հերթական զննությունը մարտին է, վստահ է, հուսով ու հավատով, որ այս անգամ ևս ամեն ինչ լավ է լինելու:

Աննա Գրիգորյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ