Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ հակամարտության վերաբերյալ արտահայտություններում

Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ 
հակամարտության վերաբերյալ արտահայտություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. 

«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը  Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների  և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։

Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:

Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:

Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]