Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամն անկողնային տաք պարագաներ է հատկացրել արցախցի ընտանիքներին

«Հայաստան» հիմնադրամն անկողնային տաք պարագաներ է հատկացրել արցախցի 
ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված շուրջ 200 ընտանիքի տրամադրել է ձմեռային անկողնային պարագաներ՝ բարձեր և վերմակներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտեցին «Հայաստան» հիմնադրամից:

Անկողնային պարագաները կարվել են հենց արցախցի կանանց կողմից, երբ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար Project Hope կազմակերպությունը Ծաղկաձորում հիմնել էր կարի 2 փոքրիկ արտադրամաս և այնտեղ ապաստանածներին ապահովել աշխատանքով:

Հիմնադրամի հոգածությամբ պատվիրված ավելի քան 400 տաք հավաքածուները «Հո´գ տար» սոցիալական նախաձեռնության միջոցով բաշխվեցին Կոտայքի մարզի տարբեր համայնքներում՝ Աբովյանում, Նոր Հաճնում, Նոր Գեղիում, Կամարիսում, Եղվարդում  և հարակից գյուղերում ու քաղաքներում ապաստանած ընտանիքներին:

Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը: Հաշվի է առնվել նաև ընտանիքների բազմանդամությունը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երկուական բարձ և վերմակ:

«Քանի որ մենք մեր ամբողջ ունեցվածքն ու իրերը թողել ենք Արցախում, նմանատիպ ծրագրերն օգնում են ինչ-որ չափով թեթևացնել կենցաղային հոգսերը»,- նշում է ծրագրի շահառու, Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ Գայանե Բադալյանը:

Անկողնային պարագաները բաժանվեցին Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված կենտրոնակայանից, իսկ այն բնակիչներին, ովքեր հնարավորություն չունեին անձամբ մոտենալ և վերցնել պարագաները՝ կամավորներն իրենք հասցրին դրանց կարիքն ունեցող բոլոր ընտանիքներին:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]