Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Ներկայացում արցախցի երեխաների համար

Ներկայացում արցախցի երեխաների համար

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից տեղահանված ու այս պահին Գյումրիում բնակություն հաստատած երեխաները արցախցի մյուս երեխաների համար ստվերային ներկայացում են պատրաստել Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսի» հիման վրա: Ստվերային ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ  հունվարի 29-ին Գյումրու «Մտորումների թատրոնում»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ երեխաները ոչ միայն որպես դերասաններ են հանդես եկել, այլ նաև որպես դեկորների հեղինակ։

Նախաձեռնությունն իրականացվում է «Երիտասարդները՝ Հայաստանում ապաստանած արցախցիների համար» ծրագրի  շրջանակում:  Ծրագիրն իրականացնում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ՝ Երևան, Գյումրի, Գավառ քաղաքներում: Ծրագրի Գյումրու համակարգող Լենա Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ծրագրի շահառուների թիվն անցնում է 330-ից: Վերը նշված 3 քաղաքներում տարբեր ենթադրամաշնորհային ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեղահանված արցախցիներին՝ հիմնականում երեխաներին ու երիտասարդներին: Գյումրիի ենթածրագիրը ավելի շատ մշակութային ուղղվածություն ունի և իրականացվում է «Մշակույթը հանուն խաղաղ ապագայի» խորագրի ներքո: «Աշխատանքները սկսել ենք դեկտեմբեր ամսին, որպես հիմնական թիրախ խումբ ընտրել ենք Գյումրիի թիվ 1 նախկին գիշերօթիկի տարածքում բնակվող արցախցիներին: Հունվարի 5-ից սկսած երիտասարդները ամեն օր դասերից հետո թատրոն են հաճախել, դեկորները ստեղծելուց մինչև երաժշտական ձևավորում, հեքիաթի ընտրություն ու դերախաղ՝ ամբողջը երեխաների աշխատանքն է: Այսինքն, սրա շնորհիվ նրանք առնչվել են արվեստի տարբեր բնագավառների, սխալվել, սովորել ու  հմտացել:  Երեխաներին օգնել  է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը»,-նշեց Լենա Հովհաննիսյանը:

Ներկայացումից հետո երեխաները պատրաստակամություն հայտնեցին  այլ ներկայացումներ ևս բեմադրել ու հրավիրել արցախցի այլ երեխաների:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ