Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Միջազգային ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր. Ռուսական արվեստի թանգարանը հարուստ փաթեթ է պատրաստել

Միջազգային ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր. Ռուսական արվեստի թանգարանը 
հարուստ փաթեթ է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը 2021-ին արվեստասերներին հետաքրքիր անակնկալներ կմատուցի. թանգարանը հանդես կգա կրթական մի շարք ծրագրերով, ցուցահանդեսներ կկազմակերպի Երևանում, վարպետության դասեր մարզերում, կմասնակցի Ռուսաստանում, Լեհաստանում կայանալիք միջազգային ցուցահանդեսների:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասաց, որ տարվա ընթացքում ներկայացնելու են ոչ միայն թանգարանի հարուստ հավաքածուն, այլև ակտիվ համագործակցելու են Հայաստանի Հանրապետության և արտերկրի թանգարանների հետ:

«Այժմ բանակցություններ են իրականացվում Տրետյակովյան պատկերասրահում Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» գրաֆիկական աշխատանքը ցուցադրելու ուղղությամբ: Հոկտեմբերին Վրուբելին նվիրված ցուցահանդես ենք կազմակերպելու նաև մեր թանգարանում, որի շրջանակում երկօրյա դասախոսություն կիրականցվի: Իսկ Լեհաստանի ժամանակակից արվեստի թանգարանում ռուսական ավանգարդին նվիրված ցուցահանդես է լինելու, որին ևս մասնակցելու ենք»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ թանգարանում ներկայացվելու են տարբեր նկարիչների՝ բեմադրությունների էսքիզներ: Սարդարապատի թանգարանի հետ համագործակցության շրջանակում ռուսական թեյախմությանը, թեյի մշակույթին վերաբերող ցուցահանդես է կյանքի կոչվելու, իսկ սեպտեմբերին Մոսկվայի օրվան նվիրված «Հայկական նրբանցք» խորագրով ցուցահանդես է կազմակերպվելու:

Մկրտչյանի խոսքով՝ «Հայկական նրբանցքը» շարունակական բնույթ կունենա. յուրաքանչյուր տարի կներկայացվի մի ժամանակաշրջան: «Այս տարի  անդրադառնալու ենք 19-րդ դարին, Լազարյանների ընտանիքին, Լազարյան ճեմարանին, հայկական համայնքի ձևավորմանը: Համագործակցելու ենք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ: Տարին կամփոփենք ռուսական տոնածառի խաղալիքին վերաբերող ցուցահանդեսով: Կցուցադրենք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի կեսի նմուշներ: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը շատ կհետաքրքրի նաև երեխաներին»,- նշեց թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ Մկրտչյանն ասաց, որ փորագրանկարի վարպետության դաս կանցկացնեն ոչ միայն թանգարանում, այլև Հայաստանի մարզերում: Նա կարևորում է VR շարունակական ծրագիրը, որի շրջանակում այցելուները կարող են դնել VR ակնոցը և հայտնվել այս կամ այն նկարչի կտավում, զբոսնել այնտեղ:  Կլինեն իմպրեսիոնիզմին նվիրված կրթական նոր փաթեթներ, «Սովորում ենք աշխարհագրությունը կերպարվեստի միջոցով» և այլ ծրագրեր, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար:

Թանգարանը շարունակելու է գիտահետազոտական աշխատանքը. շուտով թանգարանի գործունեության մասին հոդված է տպագրվելու «Русское искусство» հանդեսում:

Համավարակով պայմանավորված՝ առցանց աշխատանքից հետո թանգարանը պատրաստվում է զարգացնել այն գործիքները, աշխատաձևերը, որոնք կիրառել է վերջին ամիսներին:

«Կորոնավիրուսը փոխեց մեր աշխատանքային գործունեության ձևաչափը, բայց ամեն պարագայում ելք ենք գտնում, դասեր քաղում, սովորում: Առցանց աշխատանքի միջոցով կարողացանք նոր լսարան ձևավորել: Թանգարան եկան մարդիկ, որոնք նախկինում չէին այցելել մեզ մոտ: Դա մեր կրթական ծրագրերի, հետաքրքիր նախագծերի շնորհիվ էր: Ինտերակտիվ խաղերն ենք շարունակելու: Եթե հետաքրքրվածները մասնակցում են առցանց խաղերին, մեր ցուցահանդեսներին, կրթական ծրագրերին անվճար մասնակցելու հնարավորություն են ստանում: Այդ խրախուսական «բանալիները» պահելու ենք, որ արվեստասերները միշտ ոգևորված լինեն ու ակտիվ»,- ընդգծեց Մարինե Մկրտչյանը:

Թանգարանի տնօրենի հավաստիացմամբ՝ երկրի քաղաքական, ռազմական վիճակով պայմանավորված՝ մարդիկ  դեռ պատրաստ չեն հաճախ այցելել թանգարաններ: «Մենք հարգում ու հիշում ենք մեր բոլոր զինվորներին, և Հայաստանի համար ծանր օրերին թանգարանն իր հնարավորությունների սահմանում ֆինանսապես աջակցել է նրանց, անհրաժեշտ պարագաներ գնել, ուղարկել ռազմի դաշտ՝ համագործակցելով «Պահապան» ՀԿ-ի հետ: Ցավը դեռ կա, և դժվար է ակտիվ ինտեգրվել մշակութային կյանքում. սա իրականում լուրջ խնդիր է, և մենք պետք է շատ զգույշ աշխատենք մեր լսարանի հետ: Կարծում եմ, շուտով ամեն բան կկարգավորվի: Մշակույթը հասարակությանը սթրեսից, դեպրեսիայից դուրս բերելու լավագույն միջոցներից է: Մենք պետք է մշակույթով աջակցենք մարդկանց»,- ընդգծեց Մարինե Մկրտչյանը:

Անժելա Համբարձումյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ