1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երկիր Նաիրիի բանաստեղծը. նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին

Երկիր Նաիրիի բանաստեղծը. նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական 
լեզվին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները, դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն: Առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

Ահա այսպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը: Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը: Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը: Ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը այսօր թափում է իր արյունը…»:

                                                                                                       Վահան ՏԵՐՅԱՆ

 

Վահան Տերյանի հայտնությունը մեր գրականության մեջ այնպիսի հեղափոխական-շրջադարձային երեւույթ էր, որը չէր կարող իր կնիքը չթողնել ժամանակակիցների եւ հետագա գրական սերունդների վրա: Տերյանն արծարծեց թեմաներ, որոնք նախկինում հայ բանաստեղծների տեսադաշտից դուրս էին մնացել: Նա, իբրեւ մեծագույն քնարերգակ, բանաստեղծական նոր մտածողության հիմնադիր, ոճի, լեզվի, քնարական կառույցի նորարար, ունեցավ իր գրական, գաղափարական հետնորդներն ու նմանակողները: Նրանց մեծ մասն ուղեկից բանաստեղծներ էին՝ Տերյանի ժամանակակիցները կամ անմիջական հաջորդները, որոնց ստեղծագործության հավաքական համապատկերն էլ բնութագրում է գրական-պատմական այն իրողությունը, որ հայտնի է «տերյանական դպրոց» անվանումով: Իսկ ժամանակի մեծերը հենց մեծերին բնորոշ անկեղծությամբ սքանչանալու էին նրա հայտնությամբ՝ վստահաբար, որ հայ պոեզիայի Պառնասում եւս մեկ անմար աստղ է ծագել:

Հիացումի առիթը բանաստեղծի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն էր, որի առիթով Ստեփան Զորյանը հետագայում գրել է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ՝ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում: Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ: «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից: Մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետեւորդների մի ամբողջ բազմություն: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները: Ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով, երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների եւ սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները…»»:

Հայ պոեզիայի զարգացման ընթացքը շրջած բանաստեղծի գործերը բարձր գնահատելով հանդերձ, ժամանակի վայ գրաքննադատներից ոմանք նրա ստեղծագործությունները համարել են վերացական, հայ գրականությունից, ազգային թեմաներից կտրված: Սակայն եթե «Մթնշաղի անուրջներ», «Փշե պսակ», «Գիշեր եւ հուշեր», «Ոսկե հեքիաթ», «Կատվի դրախտ» շարքերը գուցե կարելի էր այդպես ընկալել, ապա «Երկիր Նաիրի» շարքով բանաստեղծը պատասխանել է բոլոր մոլորյալ քննադատներին՝ ցույց տալով իր պոեզիայի թեմատիկ բազմազանությունը, հայ մարդու, հայ պոետի մտահոգությունները հարազատ ժողովրդի ճակատագրի, հայ իրականության բազմաբնույթ խնդիրների նկատմամբ: Եվ այդ չկամ ու թերուս գրականագետներին ասես ի պատասխան էին հնչելու Ավետիք Իսահակյանի մարգարեական խոսքերը. «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց եւ սերը, եւ հայրենիքը, եւ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի եւ նյութը, եւ լեզուն…Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ…»: Իսկ մեծն Թումանյանը լիասիրտ արձագանքեց պոետի հայտնությանը. «Դուք բանաստեղծ եք, դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում: Ես ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ: Բարով եկաք: Շատ գեղեցիկ են, մեր լիրիկայի մեջ գրեթե նոր բաներ: Լեզուն՝ մաքուր, զտված եւ արծաթե զանգի պես հնչեղ…»:

Երկիր Նաիրիի բանաստեղծին չէր կարող չհուզել իր ժողովրդի ու երկրի ճակատագիրը: Ուստի անդրադառնանք նաեւ նրա հասարակական-քաղաքական գործունեությանը, որն ամբողջացնում է նրա՝ ազգային մտավորականի ու գործչի նկարագիրը:

Մոսկվայում համալսարանական կրթություն ստացած բանաստեղծը, որ արդեն հայտնի էր որպես ճանաչված անուն, մտահոգ էր հայ գրականության թարգմանման, տարածման խնդիրներով: Այդ նպատակին հետամուտ, սկսած 1910-ից, խմբագրում է «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախը ռուսաց մայրաքաղաքում, նախաձեռնում «Պանթեոն» հրատարակչությունը, որը պետք է աշխատեր հայ գրողների գործերի հրատարակման ուղղությամբ: Նրա մասնակցությամբ կազմվում են Վալերի Բրյուսովի եւ Մաքսիմ Գորկու նախաձեռնած «Հայաստանի պոեզիան» եւ «Հայ գրականության ժողովածու» գրքերը:

1913 թ. հայտնի արեւելագետ եւ հայագետ Նիկողայոս Մառի հորդորով Տերյանը Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետի ուսանող է դառնում: Այդ շրջանում նա նյութական ծայրահեղ ծանր վիճակում էր, եւ եթե չլիներ մեծն լոռեցու աջակցությունը, շատ ավելի վատթար օրեր էր ապրելու բանաստեղծը …Այս օրերի ծնունդ է «Մի՞թե վերջին պոետն եմ ես» հանրահայտ բանաստեղծությունը:

Մեկ տարի անց Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում հանդես է գալիս «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությամբ: Այնուհետեւ լույս է տեսնում «Հոգեւոր Հայաստան» հոդվածը, որում նա բարձրացնում է հայ մտավորականությանը հուզող եւ մինչեւ օրս արդիական հայոց կյանքի, մշակույթի, գրականության զարգացման ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ կարեւոր խնդիրներ:

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո բանաստեղծը ժողկոմիտեի խորհրդին է ներկայացնում Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը եւ Հայաստանի մասին դեկրետի նախագիծը: Այս առիթով հանդիպումներ է ունենում հեղափոխության առաջնորդի հետ եւ դեկտեմբերին նշանակվում Հայկական գործերի կոմիսարիատի նախագահի տեղակալ: 1918 թ. մասնակցում է Բրեստ-Լիտովսկում կայացած հաշտության բանակցություններին՝ որպես սովետական պատվիրակության խորհրդական:

Համաշխարհային պատերազմ, եղեռն, հեղափոխություն, գաղթականության օգնության հարցեր: Այդ ծանր ժամանակներում Տերյանի մտահոգություններին գումարվում է նաեւ անբուժելի հիվանդությունը, ընտանեկան վիշտը. «Ցավում է կուրծքս, հազում եմ եւ շատ թույլ եմ զգում ինձ,- գրում է Նվարդ Թումանյանին ուղղված նամակում,- չկարծես թե հիվանդացել եմ բանաստեղծական հիվանդությամբ, այսինքն՝ թոքախտով…Ոչ, դեռ ոչ: Բժշկի ասելով՝ առայժմ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեն, վտանգավոր կդառնա հիվանդությունս: Ինձ մի դժբախտություն էլ պատահեց՝ Սուսաննան մի քանի օր առաջ մի աղջիկ ունեցավ, որը, տարաբախտաբար, վախճանվեց՝ ի մեծ վիշտ ինձ, մանավանդ Սուսաննայի…»:

Սուսաննա Պախալովայի հետ Տերյանն ամուսնացել էր վեց տարի առաջ, սակայն խառնակ ժամանակները թույլ չէին տվել նրան լինելու ընտանիքի հետ: Նրա միակ ժառանգի՝ Նվարդի մայրը Անահիտ Շահիջանյանն էր, որի հետ մտերմացել էր 1919-ին: Նույն թվականին էլ արտաքին գործերի կոմիսարիատի շտապ գաղտնի հանձնարարությամբ Անահիտի հետ պատրաստվում են մեկնել Տաշքենդ: Մինչ օրս անհայտ է այդ ուղեւորության բուն նպատակը: Ինչպես նշում են տերյանագետները, ենթադրություններ կան, որ բանաստեղծը Հայկական հարցի շուրջ ընդհարվել է Լենինի հետ, եւ նրան ուղղակի հեռացրել են Մոսկվայից:

1919 թ. Սամարայում գրում է իր վերջին՝ «Գինով եմ, գինով եմ ես էլ» բանաստեղծությունը: Առողջական վիճակը ծայրահեղ վատանում է Օրենբուրգում, որտեղ էլ 1920 թ. հունվարի 7-ին վախճանվում է աշնան, սիրո ու թախծի երգիչը…Նա, ով, Պարույր Սեւակի մեծարմամբ՝ «…ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը…»:

Եվ մնաց որպես հայ գրականության Պառնասի հավիտենական բնակիչ:

                                                                                                       Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]