Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1919 թ. հունվարի 29-ին մահացել է Արամ Մանուկյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ։

-1923 թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:

-1992 թ. հունվարի 29-ին ստեղծվեց «Ռոսատոմ» ընկերությունը՝ Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը:

-1994 թ. հունվարի 29-ին մահացել է Եվգենի Լեոնովը՝ թատրոնի եւ կինոյի ռուս նշանավոր դերասան (ծնվ.՝ 1926 թ.):

-1999 թ. հունվարի 29-ին մահացել է Մարո Մարգարյանը՝ հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի (ծնվ.՝ 1915 թ.):

-1932 թ. հունվարի 29-ին ծնվել է Հրաչյա Անդրեասյանը՝ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (մահ.՝ 1999 թ.): Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարեւելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել արցախյան ազատամարտին:

-1951 թ. հունվարի 29-ին ծնվել է Գեղամ Գրիգորյանը՝ օպերային ճանաչված երգիչ, եղել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

-1866 թ. հունվարի 29-ին ծնվել է Ռոմեն Ռոլանը՝ ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր, ակնարկագիր, արվեստաբան եւ խորհրդապաշտ, ով 1915 թ. գրականության Նոբելյան մրցանակ է ստացել «գրականությունում իր վեհ իդեալիզմի, համակրանքի եւ ճշմարտասիրության համար, որով նկարագրել է մարդկային տարբեր տեսակներ»։

 

Հիշարժան փաստեր  եւ պատմություններ

-Ալբերտ Էյնշտեյնը փոքր տարիքում շատ ուշ է սկսել խոսել, եւ նրա ծնողները վախենում էին, որ մտավոր հետամնաց է ու չի էլ կարողանա խոսել: Սակայն մի օր ճաշի ժամանակ նա ասաց. «Ապուրը շատ տաք է»: Ուրախացած ծնողները սկսել են հարցնել, թե ինչու մինչ այդ օրը չի խոսել: Էյնշտեյնը պատասխանել է. «Որովհետեւ մինչ օրս ամեն ինչ կարգ ու կանոնով էր»:

-Ֆոլքները Էռնեստ Հեմինգուեյի մասին ասել է. «Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը…»: Հեմինգուեյը պատասխանել է իրեն ուղղված այդ «մեղադրանքին»՝ ասելով. «Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապե՞ս կարծում է, որ մեծ զգացմունքները ստեղծվում են խելացի բառերով»:

-Մի երկրպագու Մոցարտին հարցրել է, թե ինչի՞ց սկսի, եթե ցանկանում է սիմֆոնիա գրել: «Սիմֆոնիան բավական դժվար գործ է: Սկսեք փոքրիկ բաներից, իսկ հետո, քիչ-քիչ բարդացնելով, շարժվեք դեպի սիմֆոնիաներ»,- պատասխանել է Մոցարտը: Երկրպագուն պնդել է. «Բայց, պարոն Մոցարտ, Դուք սիմֆոնիաներ գրում էիք արդեն 8 տարեկանում»: Մոցարտն էլ սրամտորեն ասել է. «Այո, ճիշտ է: Բայց ես ոչ ոքից չէի հարցրել, թե ինչպես դա անել»:

-Մի անգամ Ուինսթոն Չերչիլը գրեթե քնել է խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ: Անդամներից մեկը, որն այդ պահին խոսում էր, ասել է. «Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ»: Չերչիլն էլ սրամտորեն պատասխանել է. «Ո՛չ, ամբողջովին կամավոր սկզբունքով է»:

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]