1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից 
սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  վերջին տարիների ակտիվ գործակցության արդյունքում:   

Տեխնիկական հնարավորություններով առանձնանում է «Tru Narc» անվամբ թմրամիջոցների՝ ձեռքի անալիզատորը: Սարքի միջոցով մաքսային ծառայողը տեղում, ընդամենը 90 վայրկյանի ընթացքում, կարող է հետազոտել ցանկացած կասկածելի ապրանք կամ նյութ՝ լինի փոշի, հեղուկ  կամ պինդ զանգված: Հատկանշական է, որ շատ դեպքերում սարքի միջոցով հնարավոր է կասկածահարույց նյութը հետազոտել առանց փաթեթը բացելու: Օրինակ, եթե մաքսավորը կասկածելի հեղուկ զանգված է հայտնաբերել պլաստմասե շշում, ապա հետազոտությունը հնարավոր է շարունակել առանց այն բացելու և նմուշառության: Զննությունից հետո սարքը արդյունքը համադրում է շտեմարանում առկա նյութերի  տեղեկատվությանը, և  համընկնելու դեպքում՝ էկրանին արտացոլվում է նյութի անվանումը: Սարքի գրադարանում առկա է 324 թմրամիջոցի ու հոգեմետ նյութի, 70 պրեկուրսորի մասին տեղեկատվություն: Իսկ, եթե շտեմարանի տեղեկատվությունը բավարար չէ, ապա արտադրող ընկերությունն անվճար հնարավորություն է ընձեռում հետազոտության արդյունքն առցանց, մոտ 1 ժամվա ընթացքում համադրել  թմրանյութերի ավելի մեծ գրադարանի հետ և ստանալ պատասխան:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է այլ սարքավորումներով ևս: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում թաքստոցներ հայտնաբերելու խտության չափիչ սարքերով, թմրամիջոցների աէրոզոլային էքսպրես թեստերի հավաքածուներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ֆիբրոսկոպներով և վիդեոսկոպներով, որոնցով հնարավոր է տեսազննել տրանսպորտային միջոցների դժվար հասանելի հատվածները, այդ թվում՝ վառելիքի տարայի պարունակությունը: Վարչության տեխնիկական բազան համալրված մետաղորսիչ նոր սարքավորումներով էլ հայտնաբերվում են անձնական օգտագործման ապրանքներում թաքցված տարբեր իրեր, այդ թվում՝ զենք-զինամթերք և թանկարժեք մետաղներ:

Տեխնիկական համալրումը նպաստում է մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Եթե նախկինում յուրաքանչյուր կասկածելի նյութ հայտնաբերելու դեպքում նշանակվում էր մաքսային փորձաքննություն, ապա այժմ դրա անհրաժեշտությունը շատ դեպքերում չի լինի: Սարքերն արդեն կիրառվում են մաքսային հսկողության գոտիներում և սահմանային անցակետերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]