1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները.ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով

Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները.ԵԽ պատգամավորը 
մտահոգված է հայ գերիների հարցով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները: ԵԽ պատգամավորը այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Լարս Պատրիկ Բերգ, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը, բայց Ադրբեջանը խանգարում է այս գործընթացին: Ադրբեջանն արդեն վերադարձրել է ավելի քան 40 հայ գերի, Հայաստանը ևս ռազմագերիների է վերադարձել Ադրբեջանին, բայց գործընթացը դեռ չի ավարտվել: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ: Ադրբեջանը կա՛մ հետաձգում է, կա՛մ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի այս պահվածքի վերաբերյալ:

-Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Եվրախորհրդարանը ՝ աջակցելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձին: Ի՞նչ դեր կարող եք խաղալ Դուք և Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները:

-Եվրախորհրդարանը ներկայումս, հավանաբար, սահմանափակ դեր ունի: Կարելի է որոշակի ճնշում գործադրել, հատկապես միջխորհրդարանական խմբերի միջոցով, բայց իրականում կարծում եմ, որ ՄԱԿ-ն է ճիշտ հարթակը՝ այս հարցի քննարկման համար:

-Իսկ Ձեր երկրում՝ Գերմանիայում  ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Հայ  ընդդիմադիր որոշ գործիչներ կարծում են, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, շատ այլ երկրներ նույնպես պետք է իրենց հայտարարություններով ջանքեր գործադրեն ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա ՝ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան:

-Գերմանիան ակնհայտորեն մեծ կարեկցանք է տածում՝ ռազմագերիների ծանր վիճակի և Արցախ վրա Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հարցերի առնչությամբ: Գերմանիան կարող է դեր ունենալ՝ աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին` ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները,և կարող է նույնն անել Եվրամիության շրջանակներում, չնայած դա սահմանափակ ազդեցություն կունենա:

-Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Արցախի անկախության ճանաչումը կրկին օրակարգային հարց է դարձել: Դուք կպնդե՞ք, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը:

-Ես համակրանքով եմ վերաբերվում Արցախի անկախության պահանջի վերաբերյալ, բայց վստահ չեմ, որ այժմ ճիշտ ժամանակն է այս օրակարգն առաջ տանելու համար: Առաջնայինը պետք է լինի ռազմագերիների ազատումը, և բանակցությունները, որոնք կերաշխավորեն, որ Ադրբեջանը (և Թուրքիան) հավատարիմ կմնա համաձայնություններին: Այդ ժամանակ մենք կարող ենք մտնել Արցախի ապագա կարգավիճակի մանրամասների մեջ:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, օգտագործել է արգելված ֆոսֆորային զենք, թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, և մինչ այժմ չի ստացել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ: Ինչպե՞ս պետք է միջազգային մակարդակում Ադրբեջանը իրավական առումով պատժվի:

-Ինչքան գիտեմ՝ այդ հանցագործությունները հետաքննվում են:

-Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց Ադրբեջանը հակված չէ գնալ դրան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի քաղաքական այս պահվածքը: Ի՞նչ կարծիք ունեք Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

-Կարծում եմ, որ Մինսկի խումբը որոշ ժամանակ պայքարում էր գործնական լուծումներ գտնելու համար, և Ադրբեջանի համառ դիրքորոշումը չի հեշտացրել այդ գործերը: Հուսով եմ, որ Ադրբեջանը կգիտակցի ողջամտորեն վարվելու արժեքը, և Արցախի ժողովուրդը կկարողանա ինքն ընտրել իր ապագան: Նախորդ փորձի հիման վրա ստիպված եմ ասել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ շուտ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]