Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտանիքի, ընկերների, հայրենիքի նվիրյալը. Արայիկ Բաբաջանյանը՝ Առնո Բաբաջանյանի մասին

Ընտանիքի, ընկերների, հայրենիքի նվիրյալը. Արայիկ Բաբաջանյանը՝ Առնո 
Բաբաջանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին սիրում, գնահատում և հարգում են ինչպես գործընկերները, այնպես էլ երաժշտասերները: Ասում են՝ նա ձգտում էր հաղթել և՛ երաժշտարվեստում, և՛ կյանքում: Նվիրված էր ընտանիքին, ընկերներին ու հայրենիքին:

Բաբաջանյանական տարվա առթիվ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի մասին հիշողություններն է կիսել նրա որդին՝ դերասան, երգիչ Արայիկ Բաբաջանյանը:

Ըստ նրա` սիրված կոմպոզիտորի հարյուրամյակը մեծ տոն է նրա երաժշտությունը գնահատող արվեստասերների համար, նրանց համար, ովքեր հարգում են Բաբաջանյանի հիշատակը: 

«Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ Առնո Բաբաջանյանը, սիրում էր իր ընտանիքը, սիրում էր իր զավակներին, ծնողներին, հաճախ էր հիշում նրանց, խոսում էր նրանց մասին: Բաբաջանյանը շատ էր սիրում իր հայրենիքը: Նրան հաճախ են առաջարկել մնալ արտասահմանում, աշխատել այնտեղ, բայց կատեգորիկ մերժում էր ու նշում, որ չի՛ կարող ապրել այլ երկրում, չի՛ կարող պատկերացնել մի օր, երբ Երևանում չի այցելի իր բնակարան: Նրա համար Հայաստանն ու Երևանն այլ նշանակություն ունեին»,-ընդգծեց կոմպոզիտորի որդին:

Նա հիշեցրեց, որ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, նրա ծնողներն Իգդիր քաղաքից էին: Բաբաջանյանի մայրը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է եղել, իսկ հայրը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին,  Սարդարապատի ճակատամարտին:

«Հայրս շատ էր գնահատում իր ընկերներին: Ամուր էր նրա մտերմությունը կոմպոզիտորներ Հարությունյանի, Սարյանի, Միրզոյանի, Խուդոյանի հետ: Հարությունյանի և Սարյանի հետ ընկերությունն սկսվել էր դեռ մանկապարտեզից: Եթե ինչ-որ մեկը խնդիր էր ունենում, հայրս միշտ արձագանքում էր և պատրաստ էր օգնել: Ինձ էլ է այդպես դաստիարակել: Սովորեցրել է հարգել ծնողներին, սիրել նախնիներին ու հայրենքիը»,-ասաց Արայիկ Բաբաջանյանը:

Ինչպես բազմաթիվ արվեստագետներ, այնպես էլ Առնո Բաբաջանյանի որդին կոմպոզիտորին ոչ միայն հրաշալի ստեղծագործող, այլև փայլուն դաշնակահար է համարում: «Նրան չհաջողվեց լիարժեք ներկայանալ որպես դաշնակահար: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 1963-ին հայրս ծանր հիվանդացավ և ֆիզիկապես ի վիճակի չէր դաշնակահարի ակտիվ գործունեություն ծավալել: Նա օրն սկսում էր նվագելով: Նստում էր դաշնամուրի առաջ ու գրեթե 40 րոպե կատարում էր Ռախմանինովի, Շոպենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Առնո Բաբաջանյանն ի ծնե դաշնակահար էր: Յուրաքանաչյուր դաշնակահարի համար կարևոր է օրվա մեջ մի քանի ժամ նվագելը: Առնո Բաբաջանյանը կարող էր շաբաթներով, ամիսներով չպարապել, բայց մի օր նստել դաշնամուրի առաջ ու նվագել այնպես, ասես երբեք չի դադարել դա անել: Հիշում եմ՝ ծնողներս վարձակալել էին դաշնակահար Ռիխտերի բնակարաններից մեկը: Մի առիթով հայրս նվագում է Բեթհովենի սոնատներից մեկը, և այդ ժամանակ Ռիխտերն է ներս մտնում:  Հայրս նրան հարցնում է, թե ինչպե՞ս է Ռիխտերը նվագում այդ գործը, իսկ վերջինս նշում է, որ Բաբաջանյանն իրենից լավ գիտի ամեն բան: Նրա մասին դաշնակահարները միշտ ջերմ են արտահայտվել»,-պատմեց Արայիկ Բաբաջանյանը:

Խոսելով հոր՝ իր սիրած ստեղծագործություններից՝ Բաբաջանյանն ասաց, որ բոլոր գործերն է սիրում. յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարելի է հետաքրքիր ու լավ բան գտնել, կարևոր նշանակություն ունի նաև կատարումը: «Շատ եմ սիրում դասական երաժշտություն: Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը դաշնամուրային երաժշտության  գլուխգործոցներից է: Դաշնամուրային տրիոն եմ շատ սիրում, որը գրվել է 1952 թվականին: Այն պետք է ներկայացվեր Ստալինյան մրցանակի, բայց Ստալինը մահանում է, և մրցանակները չեն հանձնվում:  Հորս առաջարկում են  Դաշնամուրային տրիոն նվագել Ստալինի թաղմանը: Առնո Բաբաջանյանն այդ օրը կատարում է տրիոյի երկրորդ մասը»,-նշեց նա:

Արայիկ Բաբաջանյանը կոմպոզիտորի էստրադային գործերից առանձնացրեց «Твои следы»,  «Верни мне музыку», «Год любви», «Кружит голову мимоза»  և այլ երգեր, որոնցից շատերն անձամբ կատարել է:՝

«Յուրահատուկ է «Նոկտյուրն»-ը՝ հատկապես Առնո Բաբաջանյանի կատարմամբ: Նա «Նոկտյուրն»-ը գրել է դաշնակահարների համար, իսկ բառերը հորս մահից հետո են գրվել: Իոսիֆ Կոբզոնը մի օր ասաց, որ Բաբաջանյանին բազմիցս առաջարկել  է «Նոկտյուրն»-ի համար բառեր գրել, բայց  հայրս միշտ մերժել է՝ նշելով, որ միայն ինքն է ցանկանում այն կատարել ու չի ուզում, որ ինչ-որ մեկն այն երգի: Ասել է, որ իր մահից հետո կարող են բառեր գրել: Այդպես էլ եղել է: Առնո Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը Ռոժդեստվենսկուն խնդրել է բառեր գրել, և այդ ստեղծագործությունը նոր շունչ է ստացել»,-հիշեց Արայիկ Բաբաջանյանը:

Կոմպոզիտորի որդին ընդգծեց, որ Առնո Բաբաջանյանը մշտապես հորդորել է իրեն անկեղծ լինել, ազնիվ, ոչ ոքի չդավաճանել: Բաբաջանյանը դավաճանությունը համարել է մեծագույն հանցագործություն:

«Դավաճանել ընկերությունը, դավաճանել մտերիմներին… Նա դա չէր ընդունում: Նույնն ինձ էր սովորեցնում»,-եզրափակեց Արայիկ Բաբաջանյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Արայիկ Բաբաջանյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]