Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին

Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախին պարտադրված պատերազմում Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, սիրիական ու լիբիական վարձկան-ահաբեկիչների անմիջական օգնությամբ Ադրբեջանին հաջողվեց առավելության հասնել: Այդ կերպ Իլհամ Ալիեւին հաջողվեց իրականացնել Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության ազգայնական հավակնությունները: Ինչպես նշել է ֆրանսիական «Le Monde»-ի հոդվածագիր Պոլ Տավինյոն, Ալիեւը միեւնույն ժամանակ ոչնչացրել է այն ջանքերը, որոնք միտված են եղել իր դրական կերպարի ձեւավորմանը Եվրոպայի աչքում:

Թուրքիան, հաղթահարելով նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Ռուսաստանից ունեցած վախը, առաջին անգամ Ադրբեջանին առաջարկեց իր ռազմական օգնությունը, ինչի շնորհիվ վերջինիս հաջողվեց գերազանցության հասնել օդում: Իսկ ցամաքում սիրիացի ահաբեկիչների օգտագործումը, որոնց վարձել էր Անկարան՝ արցախյան ուժերի ռազմաճակատը ճեղքելու համար, վատ ծառայություն մատուցեց Բաքվին:

2014-ից ի վեր նավթի գների անկումը քայքայեց գնողունակությունը Ադրբեջանում, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: 2020 թ., ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է այդ երկրի արտահանման 90 տոկոսը եւ Ադրբեջանի ՀՆԱ-ի մեկ երրորդը: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 2020 թ. մարտին ներդրված խիստ սահմանափակումները ծանր հարված հասցրին աղքատ բնակչությանը՝ սրելով սոցիալական անհավասարությունները: Բաքվում, որը հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը՝ իր երկնաքերներով ու ճանապարհներին ամենագնացների առատությամբ, անթիվ տնակային ավաններ են թաքնված: Այս իրավիճակում Իլհամ Ալիեւին հաջողվեց պատերազմի օգնությամբ խուսափել սոցիալական ցնցումներից եւ իր երկրի ներսում կուտակված ատելությունն ու ագրեսիան ուղղորդել դեպի արցախահայությունը, որի միակ «մեղքն» այն է, որ ցանկանում է ազատ ու հանգիստ ապրել իր պապերից ժառանգած հողի վրա:

Ադրբեջանում շատերը հիացած են խոսում Ալիեւի մասին, եւ նույնիսկ կարելի է ասել, որ այդ երկրում հիմա անհատի պաշտամունքի ժամանակներ են: Իսկ Իլհամ Ալիեւը երեք անգամ է ընտրվել նախագահի պաշտոնում՝ 2008, 2013 եւ 2018 թթ.՝ ստանալով ավելի քան 85 տոկոս ձայն: Այդ ընտրությունները, ըստ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության (ԵԱՀԿ) տվյալների, ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Հաջորդ ընտրությունները պլանավորված են 2025 թ.: Խորհրդարանը ենթարկվում է նախագահի հրամաններին՝ ազատվելով բոլոր ընդդիմադիրներից, իշխանության ինստիտուտները դեկորատիվ ֆունկցիա են կատարում: Իշխանության այս անձնական բռնազավթման հետեւանքն այլախոհության անսպառ ճնշումն է:

«Le Monde»-ի թղթակիցն իր վերլուծությունը կատարելիս հենվել է ադրբեջանական փորձագետների կարծիքների վրա: Մասնավորապես՝ 44-ամյա Խադիջա Իսմայիլովան վերը նշված այլախոհներից մեկն է: Խոսելով այն մասին, որ պատերազմի միջոցով Ալիեւն ամրապնդել է իր իշխանությունը երկրում, լրագրողը հայտարարել է. «Սա նրա պատերազմը չէր, այլ այս պատերազմի հարյուր հազարավոր զոհերի: Այժմ քաղաքացիներն ավելի շատ իշխանություն ունեն: Մինչեւ պատերազմը մենք երկու խնդիր ունեինք՝ հակամարտությունն ու դիկտատորը: Նրան այլեւս չի հաջողվի առաջվա թեթեւությամբ մանիպուլացնել հանրությանը՝ խնդիրները բարդելով իշխանությունների մի խումբ քննադատների ու հայ թշնամիների վրա»:

Ալիեւը, սակայն, արդեն հասկացել է, որ Արցախում տոնած հաղթանակը վերածվում է պարտության, ուստի շարունակում է իր հռետորաբանությունը, որպեսզի ադրբեջանցիները հանկարծ չմոռանան հայ թշնամուն: Այցելելով Շուշի՝ նա «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությանն անվանել է «դավաճան, որն իր ազգին նսեմացրել է ողջ աշխարհի աչքերի առջեւ: Ազգային ճակատը եւ հակապետական տարրերը Շուշին հանձնեցին թշնամուն, փախան ու թաքնվեցին»:

Ադրբեջանի առաջատար իրավապաշտպաններից մեկը՝ Անար Մամեդլին այն կարծիքին է, որ դա Ալիեւի սովորական մարտավարությունն է: Այն կոչված է ապացուցելու, որ նշված կուսակցության կառավարման դարաշրջանն աղետ է եղել ժողովրդի համար, արդարացնում է իր իշխանության շարունակականությունը՝ համեմատություն անցկացնելով անցյալի հետ:

«Գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես երեւում է, պատրաստ չէ հրաժարվել հայերի դեմ ատելության սերմանման հռետորաբանությունից, իսկ դա հակասում է իր իսկ սեփական հայտարարությանը, որ «ղարաբաղյան խնդիրը լուծված է»: Ալիեւը «խոստովանել է իր պատասխանատվությունը պատերազմի ու ատելության քարոզչության համար եւ նույնիսկ գլուխ է գովել»,- ասել է Համիդա Գիյասբայլին՝ կովկասյան հակամարտությունների ադրբեջանական փորձագետն ավստրիական Ինսբրուկի համալսարանից: Ինչպես հայտնի է, Ալիեւն ասել է. «Արդեն 17 տարի ես գլխավորում եմ Ադրբեջանը: Այդ ժամանակահատվածում մեծացած սերունդն ազատագրեց Ղարաբաղը: Նրանց հայրենասիրական դաստիարակությունն ու թշնամու նկատմամբ ատելությունը մեզ հասցրին հաղթանակի»:

Այն, որ այժմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ են հաստատվել, անհանգստացնում է ադրբեջանցիներին, եւ սա Ալիեւի հերթական լուրջ խնդիրն է: Ընդդիմությունը, բացի սոցիալականից, նաեւ այդ հարցն է բարձրացնում: Գուցե նաեւ երկրի ներսում տրամադրությունների մեղմմանն են միտված Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանավորած զորավարժությունները, որոնք փետրվարի 1-12-ը տեղի կունենան Կարսում՝ Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի հարեւանությամբ: Ինչպես երեւում է, Ալիեւի միակ փրկությունն այն է, որ պատերազմի ուրվականը հավերժ ուղեկցի Ադրբեջանին ու նրա ժողովրդին:

Նվաճած տարածքների վերաբնակեցումն ադրբեջանցիների վրա շատ թանկ կնստի, ինչը չի համապատասխանում նրա տնտեսական հնարավորություններին: Պարզ է, որ Ադրբեջանը, ինչպես երբեք, նավթադոլարների կարիքն ունի, իսկ այդ երկրի ածխաջրածինների պաշարները, ըստ կանխատեսումների, կտրուկ կնվազեն մինչեւ 2030 թ.:

Փորձագետների կարծիքով՝ եթե Ադրբեջանն ուզում է խուսափել բելառուսական սցենարից՝ կամավոր կամ ստիպված ներգրավվելով Ռուսաստանին ենթակա տնտեսության ուղեծրում կամ դատապարտելով իրեն ինքնամեկուսացման, պետք է ընդառաջ գնա Արեւմուտքին: Արդյունքում ռեժիմը պետք է զիջումներ կատարի՝ արեւմտյան ուղղությունը պահպանելու եւ ռուսական դիվանագիտությանը հակակշիռ ստեղծելու համար: Իսկ այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանը:

Արցախյան պատերազմն Ալիեւի համար բացասական կերպար է ձեւավորել Ադրբեջանի սահմաններից դուրս: Եվրոպային գայթակղելու բազմամյա փորձերը, այդ թվում՝ եկեղեցիների շինարարության մեջ գումարներ ներդնելու միջոցով, ոչնչացվել են պատերազմով: Ադրբեջանը, որն արդեն պիտակավորվել է որպես ագրեսոր ու ստացել անկառավարելի Էրդողանի աջակցությունը՝ օգտագործելով սիրիացի վարձկաններին, պարտվել է տեղեկատվական պատերազմում:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]