Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։

Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։  

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։

Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։ Սերգեյ Մեղրյանն իր խոսքում բարձր է գնահատել աշխատակիցների այս քայլը՝ ասելով. «Տղանե՛ր ջան, շնորհակալագրերը իրականում գուցե մի փոքրիկ թուղթ են, ևս մի փաստաթուղթ, որը կհայտնվի ձեր թղթապանակում, բայց ձեր վարքագիծը, ձեր նվիրումը, հայրենիքին մատուցած ծառայությունը անգնահատելի ծառայություն է։ Ծառայության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար»։

Ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության արդյունքներով «Լավագույն բաժին» անվանակարգային մրցանակներ են հանձնվել կենտրոնական մարմնի և տարածքային բաժիններից լավագույն ցուցանիշ արձանագրած  բաժիններին։

Կենտրոնական մարմնի լավագույն բաժին է ճանաչվել Ընդհանուր բաժինը, իսկ տարածքային՝ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժինը։  

Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը հույս է հայտնել, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ հարկադիր կատարողներն իրենց լիազորությունների ողջ ծավալով, ներքին կարգապահությամբ, քաղաքացիների հետ շփումներում այսուհետ ևս կշարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ բարձր դասելով Ծառայության շահը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ