1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է «Կամուրջ» 
ֆինանսավորման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին հիմնադրամից։  

«ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։  

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ զինծառայողի վիրավորումն այնպիսին է, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ զինծառայողը կստանա 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ։  Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները: 

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։ 

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները: 

Այս ծրագրի շահառու դառնալու համար ևս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։ 

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]