Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով:

Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում:

Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Այդ առումով վարչապետը կարևորել է առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երևան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ:

Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]