1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թղթի թանկացում, ավելացված արժեքի հարկ. գրահրատարակիչն անդրադարձել է ոլորտի խնդիրներին

Թղթի թանկացում, ավելացված արժեքի հարկ. գրահրատարակիչն անդրադարձել է 
ոլորտի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրահրատարակչության ոլորտում 2020 թվականին եղել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ անկումներ: Գրախանութների փակ լինելու հետևանքով մեծացել են առաքվող գրքերի ծավալները, բայց ընդհանուր առմամբ վաճառքների աճ չի գրանցվել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն ու հիշեցրեց, որ թուղթը թանկացել է, դոլարի կուրսը բարձրացել է, և այդ հանգամանքներն անմիջական ազդեցություն ունեն գրքի գնի վրա: Գրքի ինքնարժեքը բարձրանում է հենց հրատարակիչների համար: «Մեր հասարակությունում տարածված կարծիք կա, թե գիրքն առհասարակ թանկ է, բայց այդպես չէ: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ստիպված լինենք բարձրացնել գրքի գինը: Այդ դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- նշեց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ թուղթը Հայաստան է ներկրվում Չինաստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից: «Գուցե համավարակն է պատճառը, համաշխարհային տնտեսության անկումը, բայց փաստն այն է, որ թուղթը թանկացել է, և դա նույնպես անդրադառնում է գրահրատարակչական գործի վրա: Համավարակի ընթացքում, երբ գրախանութները փակվեցին, կրկին խնդիրներ ծագեցին. այդ օրերին առաքումներն էին շատացել, բայց ընդհանուր առմամբ վաճառքների աճ չի գրանցվել: Նախորդ տարիների համեմատ գրքի վաճառքը քիչ է եղել»,- շեշտեց Կարապետյանը:

Խոսելով գրահրատարակչությանը տրամադրվող պետական աջակցության մասին՝ մասնագետը նշեց, որ կան շատ երկրներ, որտեղ գրքի համար ավելացված արժեքի հարկ չկա, իսկ Հայաստանում միայն մանկական և ուսումնական գրքերի դեպքում է այդպես: Կարծում է՝ այդ հարկի գոյությունը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը:

Այժմ, երբ համավարակը համեմատաբար նահանջել է,  գրահրատարակիչները կրկին ակտիվ գործունեություն են ծավալում: Կարապետյանն ասաց, որ իրենց հրատարակչությունը 2021-ին մոտավորապես  հիսուն անուն գիրք է լույս ընծայելու: «Մեր երկրի տնտեսական վիճակը վատ է, գուցե ավելի վատանա, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք, որպեսզի կարողանանք իրագործել մեր բոլոր ծրագրերը, պետք է կարողանանք աշխատավարձ տալ, թղթի գումարը վճարել և հոգալ մնացած ծախսերը»,- շեշտեց Շավարշ Կարապետյանը:

Մարքեթինգի տնօրենը հայտնեց, որ առաջիկայում «Էդիթ Պրինտը» հրատարակելու է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր», «Էնդհաուսի առեղծվածը», «Մահ նեղոսի վրա» գրքերը, վերահրատարակվելու են Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը»,  «Խորհրդավոր կղզին», «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» գործերը,  հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր՝ Վահագն Դիլբարյանի «101 բիզնես գաղտնիքներ», Դունկան Կլարկի (Alibaba) «Տուն, որ կառուցեց Ջեք Ման», Ալեքս Քարի  «Ծխելը թողնելու հեշտ միջոցը», Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորույթները»: Ընթերցողներին կներկայացվեն նաև
Ռեմարկի գրքերը, դրանց շարքը կհամալրի երկար սպասված «Լիսաբոնի գիշերը» վեպը, լույս կտեսնեն նաև էքզյուպերի «Միջնաբերդը», մի շարք այլ գրքեր:

«Անդրադառնալու ենք հայ ժամանակակից գրողներին: Կրատարակենք Հայկ Սիրունյանի, Նշան Աբասյանի, Դավիթ Սամվելյանի, Վահան Տեր-Ղազարյանի, Արամ Ալավերդյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ»,-նշեց Շավարշ Կարապետյանը:

Վերադառնալով պատվիրվող գրականությանը, ընթերցողների նախընտրություններին՝ Կարապետյանն ասաց, որ համավարակի տարածման ընթացքում մարդիկ հիմնականում գեղարվեստական գրականություն են գնել, ոչ մոտիվացիոն կամ կենսագրական: Ըստ գրահրատարակչի՝ դա բնական է. երբ մարդը տանն է, առավել հաճույքով գեղարվեստական գրքեր է կարդում, իսկ երբ շարժման մեջ է, տանից դուրս է գալիս, ինչ-որ բանով զբաղվում, մոտիվացիոն, բիզնես գրականություն է ընթերցում: 

Անժելա Համբարձումյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]