1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վախճանվել է գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանը  

Վախճանվել է գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը՝ գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հայրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և աշխատակազմը կիսում է սիրելի մաեստրոյի ընտանիքի, մտերիմների, հարազատների ու հայ ազգի կորուստն ու վիշտը»,- ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրությունում:

 Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960–1966 թվականներին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թվականներին՝ «Հայկական սովետական հանրագիտարանի» գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ սկզբում որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։

Ստեփան Թոփչյանը 1967 թվականից եղել է ՀՀ գրողների միության անդամ։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում: Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն»  (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները: Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի վերաբերյալ ուսումնասիրությունը:

Ստեփան Թոփչյանը հայ և արտասահմանյան մամուլում տպագրված հարյուրավոր հոդվածների և բազմաթիվ գրքերի առաջաբանների հեղինակ է:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Թոփչյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստի ծանր վիշտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]