Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով

Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը. «2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությամբ՝ տարեկան եկամուտների ցուցանիշը նախատեսվել էր 1 տրլն 326 մլրդ դրամ»:

Նախորդ տարում զուտ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 88.6 մլրդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, 2019 թվականի հետ համեմատած, զուտ հարկային եկամուտների մասով գրեթե չկա բացասական տարբերություն, այն շատ չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով: Իսկ մաքսային վճարումների մասով բացասական տարբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարներից հավաքագրված եկամուտներին: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատ ակտիվ է եղել:

2020-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 139 մլրդ դրամ: Եվ այս ցուցանիշի մեջ ՊԵԿ նախագահը հատկանշական համարեց հիփոթեքային վարկի սպասարկման գծով տոկոսների կոմպենսացման ուղղությամբ եկամտային հարկից վերադարձվող գումարների ծավալները: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7.9 մլրդ դրամ: Իսկ 2020-ին պետությունը համապատասխան շահառուներին է վերադարձել արդեն 13.350 մլրդ դրամ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունը համավարակի ընթացքում չաշխատեց, հետո պատերազմ սկսվեց, բայց հարկային եկամուտները կատարվել են՝ Հովհաննիսյանն ասաց, որ հարկերը կատարել ասելը, այս առումով, հարաբերական է: «Այո, ծրագրային ցուցանիշների համեմատ՝ մենք այն կատարել և գերակատարել ենք: Պետք է հաշվի առնել որոշակի գործոններ, որոնք ուղիղ ազդեցություն են ունեցել հարկահավաքության վրա: Մասնավորապես 2020 թվականի ընթացքում մաքսային վճարների մասով չի գանձվել ավտոտրանսպորտային միջոցների գծով 90 մլրդ դրամ պարտավորություն, ևս 50 մլրդ դրամ շահութահարկի գծով կառավարությունը կանխավճարների տեսքով զիջել է տնտեսությանը: Եվ սկսած դեռևս մարտ ամսից տնտեսական գործունեության սահմանափակումներով պայմանավորված՝ բազմաթիվ ոլորտներ գործունեություն չէին իրականացնում: Այս մասով մենք ունենք պետական տուրքի գծով պակաս գանձված 16.5 մլրդ դրամի պարտավորություն, որը այլ հավասար պայմաններում պետք է վճարվեր պետբյուջե: Եվ անգամ այս պայմաններում զուտ հարկային եկամուտները, մասնավորապես շահութահարկը և պետական տուրքը, հավաքագրվել են հավասար չափով, որքան, որ 2019 թվականին, տարբերությունը շատ չնչին է, ընդամենը 0.2 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նման ծավալի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել  իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ: Նա նշեց, որ սակայն 2020-ին համավարակի, պատերազմի և այս գործոնների բացակայությունը, իհարկե, հնարավորություն կտար շատ ավելի մեծ ծավալի հարկային պարտավորություններ հավաքագրել, որոնք հնարավոր չի եղել՝ զուտ տնտեսական անկումներ ունենալու պատճառով: Համավարակի ընթացքում տնտեսության սահմանափակված ոլորտների ազդեցությունը, ըստ Հովհաննիսյանի, քիչ չի եղել:

Անդրադառնալով աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ սեպտեմբերին եղել է ՀՀ-ի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը, աշխատատեղերի թիվը հասել է մոտ 635 հազարի: 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում այն մի փոքր նվազել է, մասնավորապես նոյեմբերին կազմել է 615 հազար, իսկ դեկտեմբերի տվյալները դեռ ներկայացված չեն:

2019-ի դեկտեմբերին 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրլն  607 մլն դրամ հարկային եկամուտ հավաքագրել: Սակայն տարվա ընթացքում երկու անգամ բյուջեի օրենքում դրված ցուցանիշները վերանայվել են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]