Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Ապագա Հայաստանը։ Պետք է բացառել դանդաղ շտապելու՝ արհեստածին բանաձեւը

Ապագա Հայաստանը։ Պետք է բացառել դանդաղ շտապելու՝ արհեստածին բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ:1958 թ. մայիսի 15-ին ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլը, որն այնուհետ պիտի հռչակվեր Ֆրանսիայի եւ  համաշխարհային  քաղաքական մրցասպարեզի ամենաականավոր գործիչներից մեկը, հանդես եկավ պատմական դարձած իր ուղերձով, որում ասվում էր. «Ահա 12 տարի է, ինչ Ֆրանսիան աստիճանաբար մոտենում է աղետին...»: Գեներալ դը Գոլով սկսվեց Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության՝ ցայսօր շարունակվող պատմության դարաշրջանը, թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ դը Գոլը սկսեց այդ դարաշրջանը: Սակայն այս պահին նպատակ չունենք ո՛չ վերլուծել նրա պետական-քաղաքական ու ազգային գործունեությունը եւ ո՛չ էլ համեմատել 1958 թվականի Ֆրանսիան 2020 կամ 2021 թվականների Հայաստանի հետ, որովհետեւ միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ հանրապետություն են:

Այսօր Հայաստանը նոր մեկնարկի նախաշեմին է, մեկնարկ, որ պարտադրված է ինչպես մեր երկրի իրավիճակով, այնպես էլ մեր՝ որպես ազգի հոգեվիճակով: Հենց ազգային ու պետական շահերն են պահանջում շուտափույթ դուրս գալ այս իրավիճակից եւ ձերբազատվել այս հոգեվիճակից: Ամենից առաջ պետք է գիտակցել այս երկուսի անհրաժեշտությունը:

Ռազմադաշտում ավարտված պատերազմը շարունակվում է իր հետեւանքների տեսքով: Այսուհետ մեր միտքն ու ջանքը, մեր հնարավորություններն ու միջոցները պետք է նախ եւ առաջ եւ առավելապես ուղղված լինեն այդ հետեւանքները վերացնելուն: Եվ դա պետք է անել հնարավորինս արագ: Իրավիճակն այնպիսին է, որ պետք է բացառել այսպես կոչված դանդաղ շտապելու՝ արհեստածին բանաձեւը թե՛ որպես բառախաղ, թե՛ որպես գործելակերպ:

Ինչպես կորոնավիրուսի համաճարակը, վերջին պատերազմը նույնպես, ցավոք, իր շատ ավելի ահասարսուռ ու ողբերգական հետեւանքներով, «արագացուցիչ» է կամ «սառը ցնցուղ», որ հասարակությունն իրապես գիտակցի նորովի ապրելու անհրաժեշտությունը, որ մենք ապրում ենք մի ուրիշ աշխարհում, եւ մեր խնդիրները կորոնավիրուսից ու պատերազմից  հետո նույնպես հսկայական են լինելու: Ավելի ճիշտ՝ արդեն իսկ հսկայական են ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական վնասվածքների, ինչպես պետության տնտեսական, այնպես էլ կառուցվածքային «վերքերի» առումով, ինչպես կառավարման, այնպես էլ, թող պարզունակ չհնչի, կենցաղավարման առումով:

Այսպիսի դիտանկյունից մեր ներկայիս պետությունը, հանրապետությունն ակամայից մնում է պատմության անցնող էջում, եւ մենք ձեռնամուխ ենք լինում նոր տիպի պետության կառուցմանը: Ինչպես օրերս «Դեպի «Չորրորդ Հանրապետություն». Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին» վերնագրած իր հոդվածում գրել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միեւնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ»:

Էականն այստեղ անվանումը չէ, այլ՝ նոր փուլի անհրաժեշտության եւ այդ փուլ մտնելու գիտակցումը: Վերադառնալով գեներալ դը Գոլին եւ անգամ մտքի ծայրով մեր երկրի որեւէ ժամանակաշրջանի որեւէ ղեկավարի չհամեմատելով նրա հետ՝ պարզապես նշենք, որ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության դարաշրջանը սկսելով՝ գեներալ Շառլ դը Գոլը կարեւորեց ոչ թե անվանումը, այլ՝ իսկապես իր երկրի համար նոր ու զարգացման ժամանակաշրջան սկսելը: Այո, մեզանում այս պահին չափազանց լուրջ ու զգայուն խնդիրներ կան՝ մարդկայինից մինչեւ պետական, անձնականից մինչեւ ազգային, պատերազմի մեծաթիվ զոհերի հիշատակները վառ պահելուց մինչեւ անհայտ կորածների ճակատագրի հստակեցում, վիրավորների ապաքինումից ու ինտեգրումից մինչեւ գերիների վերադարձ, սահմանային բարդագույն խնդիրներից մինչեւ տարածքային հարցեր, տնտեսությունից մինչեւ քաղաքական դաշտ, սոցիալականից մինչեւ հոգեբանական խնդիրներ, դատական համակարգից մինչեւ ընդհանրապես պետական կառավարում  եւ այլն, եւ այլն: Եվ այս ամենը՝ Արցախի հետագա ճակատագրի հստակեցման ֆոնին:

Հատկապես նման ճգնաժամային իրավիճակում մեզ առաջնորդողը պետք է լինեն ոչ թե անհստակության հորիզոններն ու անորոշության տեսիլքները, այլ՝ առաջ շարժվելու հստակ տեսլականն ու իրատեսական ծրագրերը:  «Եկել է սառնասիրտ, արագ եւ արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ եւ կազմակերպված, նոր տեխնոլոգիաների եւ մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- ասում է հանրապետության նախագահը:

 Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ