Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանասարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- գրել է Սանասարյանը:

Սանասարյանը հայտնել է, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնեն ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իրենց բանաձևերը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ