Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներքին Գետաշեն գյուղում կգործի հալոթերապիայի կենտրոն

Ներքին Գետաշեն գյուղում կգործի հալոթերապիայի կենտրոն

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան ինչպես մեծահասակները, այնպես էլ՝ փոքրահասակները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես մարզպետին ներկայացրեց հալոթերապիայի կենտրոնի նախաձեռնող եւ հիմնադիր տնօրեն Սերժիկ Գալստյանը, կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ  փոքրահասակների սենյակները:Կենտրոնում գործելու են նաեւ արոմատոթերապիայի եւ օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի եւ թթվածնային կոկտեյլի միջոցով: Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը  կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման  հետ համատեղ:

«Հալոթերապիայի ընդունումը աշխարհում փորձված եւ արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար: Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրունդիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային եւ հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները եւ այլ կարգի հիվանդություններ: Այստեղ կարող են դիմել նաեւ առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու եւ սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար:Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում:Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ  ցածր կլինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ: Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տեւողությունը 40 րոպե է, փոքրահասակների համար՝ 30 րոպե»-ներկայացրեց Սերժիկ Գալստյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով կենտրոնի բացման նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը: «Փաստորեն մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն ու առաջինն է, այլ նաեւ պահանջված ու կարեւոր է:Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ, ճանաչում ու համբավ, կապահովի կայուն աշխատատեղեր:Մեր հնարավորությունների սահմաններում մենք  կաջակցենք նման  ձեռնարկներին»-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]