Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հավաքույթների անձանց  թվի սահմանափակումը հանվել է. մասնագետը՝ կարանտինի փոփոխությունների մասին

Հավաքույթների անձանց  թվի սահմանափակումը հանվել է. մասնագետը՝ կարանտինի 
փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, հիմք ընդունելով երկրում կորոնավիրուսային համեմատաբար բարվոք վիճակը, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված  կարանտինը երկարաձգում է 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը՝ ժամը 17:00-ն։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, ներկայացնելով կարանտինի փոփոխությունները, նշեց, որ թե ՀՀ, թե օտարերկրյա քաղաքացիները կարող են գալ Հայաստան նաև ցամաքային սահմանային անցակետերով, եթե ներկայացնեն COVID-19-ի թեստի բացասական պատասխանը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Եթե որևէ մեկը եկել հասել է օդանավակայան կամ սահմանային անցման կետ ու չունի նման սերտիֆիկատ, ապա նոր որոշումը նախատեսում է տեղում իրականացնել նմուշառում, այնուհետև կազմակերպել ինքնամեկուսացում, մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից անձը դուրս է գալիս, դրականի դեպքում կլինի բժշկական հսկողություն»,- ասաց Նունե Բակունցը:

Կարանտինի ժամկետի երկարաձգման որոշմամբ նաև մեղմացվել են հակահամաճարակային միջոցառումները: Կար սահմանափակում ոչ կոմերցիոն նպատակներով իրականացվող հանրային միջոցառումների ժամանակ, երբ ներկա գտնվող մարդկանց թվաքանակը պետք է լիներ մինչև 60 հոգի: Նոր որոշմամբ՝ այդ սահամանփակումը վերացվել է: Այսինքն՝ հավաքույթի անձանց թվի սահմանափակումը հանվել է:

Եթե աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ, և չի բացառվում վարակի երրորդ ալիք ունենալը, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք հավաքույթների անձանց  թվի սահմանափակումը հանում: Հարցին ի պատասխան՝ Նունե Բակունցը նշեց, որ հանվել է մարդկանց քանակի սահմանափակումը, չեն հանվել հավաքույթների կազմակերպման պահանջները:  Այն է՝ ախտահանումը, պարտադիր բնական օդափոխությունը, ձեռքերի հաճախակի լվանալը, սոցիալական հեռավորությունը և այլն: 

«Չմոռանանք, որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, այն առկա է, և մենք դեռ չունենք կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու միջոց: Այն կարող է ամեն պահի ավելի շատ տարածվել, հետևաբար զգոնությունը պետք չէ կորցնել, լինել ուշադիր, հետևել հակամաճարակային միջոցառումներին»,- ասաց Նունե Բակունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]