1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի 
վրա արգելք սահմանված չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարանտինի երկարաձգումը հնարավորություն կտա պահպանել առկա կարգավորումները` շարունակելով դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, այս նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրներին:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով: Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման , փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ»,-նշել է Նիկողոսյանը:

Նա շեշտել է՝ հետևաբար կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ: «Նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում»,-նշել է խոսնակը:

Նրա կարծիքով՝ ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:

Նիկողոսյանը հիշեցրել է, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,-գրել է Նիկողոսյանը:

Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար նա վստահեցրել է, որ առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա:

Ավելի վաղ իր հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ նախարարությունը դեմ է կարանտինը երկարաձգելու որոշմանը: «Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա առաջարկ է, որը կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանանք որոշակիորեն առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», - ասել է նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]