Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 25-ին Գրիգորյան տոմարով նշվում է Սուրբ ծնունդը։

-1990 թ. դեկտեմբերի 25-ը համացանցի ծննդյան օրն է։ Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol-ով տվյալների փոխանցումը:

-1642 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Իսահակ Նյուտոնը՝ անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա եւ աստվածաբան (մահ.՝ 1727 թ.)։

-1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը, եւ որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։

-1930 թ. դեկտեմբերի 25-ին ծնվել է Արմենակ Ալաջաջյանը՝ հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (մահ.՝ 2017 թ.)։

-1962 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սեւամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

-1979 թ. դեկտեմբերի 25-ին սկսվեց աֆղանական պատերազմը։

-1991 թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց։

-1977 թ. դեկտեմբերի 25-ին մահացել է Չարլի Չապլինը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան եւ ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը:

 

Հիշարժան փաստեր 

-Ժամանակակից մաստակի նախատիպեր հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Հնդկացիներն, օրինակ, ծամում էին հեվեայի սառած հյութը, հին հույները՝ պիստակի ծառի խեժը: Սիբիրում ատամները մաքրելու եւ լնդերն ամրացնելու համար օգտագործում էին խեժափիճիի խեժը:

-Մաստակի արդյունաբերական չափերով արտադրությունն առաջինը սկսել է ամերիկացի Ջոն Քարտիսը: 1848 թվականին նա մաստակի արտադրամաս է բացում Բանգոր քաղաքում: Առաջին մաստակները կոչվում էին «Սերուցք շաքարով» եւ «Սպիտակ սար»: Սակայն մաստակը գնորդների շրջանում այնքան էլ աղմուկ չի բարձրացնում, եւ 1860 թվականին Քարտիսը փակում է արտադրամասը:

-Մաստակի առաջին պատենտը ստացել է Օհայո նահանգի ատամնաբույժ Ուիլյամ Ֆինլի Սեմփլիզը: Դա տեղի է ունեցել 1869 թվականի հունիսի 5-ին, սակայն Սեմփլիզը զանգվածային արտադրություն չի սկսում:

-1928 թվականին Ուոլտեր Դիմերը ստացել է մաստակի իդեալական բանաձեւը՝ 60 տոկոս շաքար, 20 տոկոս կաուչուկ, 19 տոկոս շաքարի օշարակ, 1 տոկոս բուրավետ նյութեր: Դիմերի բանաձեւն օգտագործվում է առայսօր, միայն թե կաուչուկի փոխարեն օգտագործվում է սինթետիկ ռետին՝ գումարած լիքը բուրավետ նյութեր, խտացուցիչներ եւ այլն:

-1930 թվականին պրոֆեսոր Հալինգվորտն ուսումնասիրություն է կատարել եւ եկել այն եզրահանգման, որ ծամելը հանգստացնում է նյարդերը: Ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո մաստակը մտցվում է ամերիկյան բանակի օրապարենի մեջ:

-Ուիլյամ Ռիգլին, ով մաստակի ամենահայտնի բրենդներից մեկի հիմնադիրն է, երիտասարդ տարիքում օճառի արտադրությամբ էր զբաղվում: Իր գնորդներին նա, որպես փոքրիկ բոնուս, մաստակ էր տալիս: Սակայն, տեսնելով, որ հաճախ օճառը գնում են հենց մաստակի համար, սկսում է զբաղվել մաստակի արտադրությամբ:

Մ. Ա.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]