Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախը եւ պատերազմի թարմ սպիները. երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է ավելի թանկ նստել

Արցախը եւ պատերազմի թարմ սպիները. երկարաժամկետ հեռանկարում Բաքվի 
հաղթանակը կարող է ավելի թանկ նստել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «The National Interest»-ն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին: Հոդվածագիր Մարկ Էպիսկոպոսը շեշտել է, որ հիմա արդեն հակամարտող կողմերն զբաղված են հետպատերազմյան ներքին գործերով: Թվում է՝ արդեն հայտնի է, որ այդ պատերազմում Բաքուն հաղթել է, Երեւանը՝ պարտվել: Սակայն հանգամանքների մանրամասն վերլուծությունը թույլատրում է ենթադրել, որ երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է ավելի թանկ նստել, քան Երեւանի պարտությունը:

Ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ Թուրքիան պլանավորել, կոորդինացրել ու, մեծ հաշվով, իրականացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները: Անկարայի ռազմական օգնությունը ներառում է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, հատուկջոկատայիններ եւ Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններ, սակայն ամեն բան դրանցով չի սահմանափակվել: Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունն այնքան ամուր է, որ Անկարայի հրամանով հեռացվել են մի քանի ադրբեջանցի ռազմական սպաներ այն բանից հետո, երբ քննադատաբար են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը թուրքական մասնակցության ծավալների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բաքվում կայացած շքերթին: Պետությունների ղեկավարները տպավորիչ պատկեր են ներկայացրել. նրանք կանգնած էին կողք կողքի, իսկ նրանց ետեւում անընդմեջ ցուցադրվում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հավասար քանակով դրոշների շարքերը: Ավելին՝ Բաքվի փողոցներում նույնպես թուրքական այնքան դրոշ կար, որքան ադրբեջանական:

Բայց պարզվեց՝ Ալիեւի հաղթանակի վճարն Ադրբեջանի ինքնիշխանությունն էր: Ադրբեջանում կպահպանվի թուրքական ռազմական ներկայությունը, որն ավելի ու ավելի է կախում հիշեցնում: Ադրբեջանի արտաքին եւ ռազմական քաղաքականության մեջ Թուրքիայի վետոյի աճող իրավունքը, հավանաբար, կամրապնդվի Հարավային Կովկասում Թուրքիայի պանթյուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության հովանու ներքո: Էրդողանի օգուտն ակնհայտ է, բայց ի՞նչ շահեց Ալիեւը: Քառասունհինգ օրվա ծանր մարտերից ու Ադրբեջանի հազարավոր կորուստներից հետո Արցախի տարածքի զգալի մասը մնաց հայերի վերահսկողության տակ: Միայն Ռուսաստանի՝ նոյեմբերի 9-ի միջամտությունից հետո էր, որ հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում Հայաստանն ստիպված էր լքել մի շարք այլ շրջաններ: Ռուս խաղաղապահներն այժմ անորոշ ժամանակով տեղակայված են Արցախում: Այդ պահն արժե կրկնել. պատերազմի արդյունքում Ալիեւը կորցրեց հայկական Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու ուղիղ ճանապարհը: Բաքուն ոչ միայն չկարողացավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ բախվեց կրկնակի ռազմական օկուպացիայի, որի վերջը չի երեւում:

«The National Interest»-ն իրադարձությունները վերլուծել է նաեւ Հայաստանի տեսանկյունից՝ շեշտելով, որ կառավարությունը հրաժարվում էր Ադրբեջանին վերադարձնել այն յոթ շրջանները, որոնք հայկական ուժերն զբաղեցրել էին արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Հոդվածագիրը նշել է, որ Արցախի նկատմամբ Հայաստանի ռազմավարությունն իներցիայով ամեն ինչ սառեցված հակամարտության մեջ պահելն էր: Ըստ էության՝ կողմերը հենց դրան էլ հասել են հրադադարի համաձայնագրով: Հարավային Կովկասում աշխարհագրական կտրուկ տեղաշարժերի բացակայության պայմաններում Արցախը կմնա որպես ինքնավար հայկական շրջան՝ Ադրբեջանի սահմաններում: Ռուս խաղաղապահների համաձայնեցված ներկայությունը, որն ամենեւին էլ պարտություն չէ հայերի համար, կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, որին միայն  հայկական զենքով պարզապես հնարավոր չէր հասնել:

Երեւանը սգում է յոթ շրջանների կորուստը, սակայն այստեղ պետք է կրկին նայել ոչ վաղ անցյալի պատմությանը: Ինչպես արդարացիորեն նկատել է հայտնի ռուս քաղաքագետներից մեկը, Հայաստանի քաղաքական շրջանակներում գոյություն ուներ քաղաքական ու պաշտոնական համաձայնություն, որ Արցախը եզերող յոթ շրջանները միշտ հնարավոր չի լինի պահել: Արդեն երկար ժամանակ նպատակն այդ տարածքները լավագույն պայմաններով փոխանակելն էր. «անվտանգության գոտի» համարվող այդ շրջանները պետք է վերադարձվեին Արցախի կայուն ինքնավարության կարգավիճակով:

«Եթե ռուս խաղաղապահներն առանց այդ էլ ապահովում են Լեռնային Ղարաբաղի ներքին ինքնուրույնությունը, արդեն չարժե առեւտուր անել: Այդ յոթ շրջաններն ավելի շատ բեռ են, քան ակտիվ: Դրանց տիրապետումը Հայաստանին ոչ մի ռազմավարական օգուտ չի տա, սակայն միեւնույն ժամանակ դրանք Ադրբեջանի կողմից ռեւանշիզմի մշտական աղբյուր են:

Կրակի դադարեցման համաձայնագրով, չնայած որ պատերազմի հետեւանքները դաժան էին, ավարտվեց տարածքային ձգձգվող հակամարտությունը, որում Հայաստանը վերջնական հաղթանակ չէր տոնի: Պատերազմի թարմ սպիները ժամանակի հետ կբուժվեն, իսկ Երեւանը կարող է իրեն ամբողջովին նվիրել մոտ երեք միլիոն մարդկանց, ովքեր այժմ ապրում են Հայաստանի Հանրապետությունում: Բաքուն, մյուս կողմից, պատրաստ է բարձր գին վճարել հաղթանակի համար, քանզի առաջիկա տարիներին դեռ պետք է լուծի պետականության եւ ինքնիշխանության էքզիստենցիալ խնդիրներ»,-եզրափակել է հոդվածագիրը:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]