Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զրնգուն անուն՝ Վերջալույս Միրիջանյան. Նա այն քչերից էր, որ խաղաց մեր գրեթե բոլոր մեծերի հետ

Զրնգուն անուն՝ Վերջալույս Միրիջանյան. Նա այն քչերից էր, որ խաղաց մեր գրեթե բոլոր 
մեծերի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «…Չի կարելի, ընկերներ, բոլորդ սովորեցնում եք, ոչ ոք չի սիրում սովորել, այնինչ բոլոր նրանք, ովքեր սովորեցնել են սիրում, իրենք մեծ պահանջ ունեն սովորելու…Վերջին չորս-հինգ տարիներին էր, որ ես զգացի, որ դա, դժբախտաբար, ազգային բան է՝ չափսոսել դիմացի մարդուն… Մեր երկիրն ավերվել է, ավերվել է, որովհետեւ մենք ողբերգական կորուստներ ունեցանք, մենք երկրաշարժ ունեցանք, մենք եղեռն ունեցանք, մենք ունեցանք մեր սիրելի Արցախի ողբերգական վիճակը, որը մինչեւ հիմա շարունակվում է: Մենք պիտի իրար ափսոսենք, մենք պիտի իրար սիրենք: Խոսքիս նպատակը սա է: Ասեք, ասեք, բայց սրտացավով ասեք…»:

Վերջալույս ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

 

Սիրված դերասանուհու այս խոսքերը հնչել են մայր թատրոնում այն ժամանակ, երբ աջից ու ձախից քարկոծում էին մեր մեծանուն դերասաններից մեկին՝ Խորեն Աբրահամյանին՝ գործած ու չգործած մեղքերի համար, եւ մարդասիրության, հանդուրժողականության դաս էր տալիս ներկաներին: Իսկ դա 1992 թվականն էր՝ արցախյան պատերազմ, աներեւակայելի դժվարություններ, անորոշ իրավիճակ:

Հայ ժողովուրդն այսօր էլ է դժվարություններ ապրում: Բոլորը խոսում են, գոռգոռում, բայց ոչ ոք ոչ մեկի չի լսում:  Մինչդեռ հիմա է անհրաժեշտ միավորվել ընդհանուր գաղափարների շուրջ եւ հաստատել մեր արժանապատիվ ներկան ու վաղվա օրը: Եվ պետք է ի զորու լինենք ընկալել միմյանց ու ատելության փոխարեն սիրով շաղախել սեփական աննախանձելի ներկան… Պետք է ընկալենք ոչ թե չարությամբ, այլ սրտի ցավով, ինչպես պատգամում է վաստակավոր դերասանուհին:

Վերջալույս Միրիջանյանը ծնվել է Վասպուրականից դեպի Իգդիր տանող գաղթի ճանապարհին: Դժոխային պայմաններում սպանվել է նրա եղբայրը, քույրը գերի է վերցվել: Իսկ նրան ճակատագիրը բախտ էր վիճակել մնալու եւ հետագա հանգամանքների բերումով հանգրվանելու իր պատմական հայրենիքում: Դերասանուհու վկայությամբ՝ իրեն Վերջալույս անունով կնքել է մայրը, «որովհետեւ այնպիսի վերջալույս, որ կա Վանա ծովում, աշխարհի ոչ մի մասում չկա: Դրա համար էլ վանեցիներն իրավունք ունեն Վերջալույս անունը կրելու»: Իսկ այդ երեկոները կարմիր էին ու տպավորիչ: Տպավորիչ, ինչպես իր խաղացած յուրաքանչյուր մեծ կամ էպիզոդիկ դեր:

Չնայած այն իրողությանը, որ հարազատները դեմ էին դերասան դառնալուն, նա քաջ գիտակցում էր, որ կինոյում ու թատրոնում ինքն անելիք ունի: Իր այդ երազանքին թեւեր էր տալիս միայն մայրը՝ Մաքրուհին: Ոգեշնչվելով հանդերձ՝ իրեն թվում էր, թե ոչինչ չի ստացվելու: Բայց հայտնվում են երկու արվեստագետ, որոնք շրջադարձային դերակատարում են ունենում 17-ամյա աղջկա կյանքում: Մեծավաստակ ռեժիսոր եւ դերասան Արմեն Գուլակյանը, նկատելով Վերջալույսի՝ ի վերուստ տրված շնորհն ու օժտվածությունը, դերասան Գեւորգ Ասլանյանին հանձնարարում է պարապել նրա հետ: 1933 թվականին աշխատելով առաջին պետական թատրոնում՝ դերասանուհին զուգահեռաբար սովորում է թատրոնին կից ստուդիայում: Պարապմունքների ընթացքում արթնացած սերը միավորում է ուսուցանող դերասանի ու նրա սանի ներաշխարհը, եւ նրանք ընտանիք են կազմում: Ունենալով դերասան ամուսին՝ Վերջալույս Միրիջանյանն ավելի ամուր է կապվում թատրոնի հետ: Ավարտելով ստուդիան՝ նա հիմնավորվում է մայր թատրոնում՝ խաղալով մի քանի փայլուն դերեր: Այդ դերերը երաշխիք էին, որ բեմում փոխարիներ մեծ ճանաչում ունեցող Օլգա Գուլազյանին: Ապա խաղում է մեծանուն Հովհաննես Աբելյանի հետ՝ նրա բեմադրած «Չար ոգի» ներկայացման մեջ: Սակայն գալիս է պահը, երբ ամուսնուն՝ Գեւորգ Ասլանյանին գործուղում են Ալավերդու թատրոն: Ամուսինները մեկնում են միասին: Այստեղ դերասանուհին գլխավոր դերեր է խաղում: Բարձրակարգ են դրանցից հատկապես երկուսը՝ Կրուչինինայի դերը Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» կատակերգությունում եւ Սոֆյան՝ Մ. Գորկու «Վերջինը» բեմադրության մեջ, որն իրականացրել էր մեծանուն Գուրգեն Ջանիբեկյանը: 1939 թվականին Ալավերդու տեղական իրավասու գործիչները տաղանդավոր դերասանուհուն ներկայացնում են հանրապետության վաստակավոր արտիստի կոչման, որից, սակայն, նա հրաժարվում է՝ ասելով. «Արուս Ոսկանյան, Հասմիկ՝ այդ նրանք են արժանի…»:

Ինչպիսի վեհանձն պահվածք: Այդ հետո էր զրնգալու նրա անունը, երբ երկու տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատելուց հետո 1947-ին նորից էր վերադառնալու մայրաքաղաքի գլխավոր՝ Սունդուկյանի անվան թատրոն ու համարվելու էր միակ դերասանուհին, որ աշխատել է մեր գրեթե բոլոր մեծանուն ռեժիսորների հետ՝ Արշակ Բուրջալյան, Լեւոն Քալանթար, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան՝ լինելով բոլորի սիրելին: Եվ բեմ է բարձրացել նույնքան սիրված ու վաստակաշատ դերասանուհիների եւ դերասանների հետ՝ Արուս Ոսկանյան, Հասմիկ, Ռուզաննա Վարդանյան, Օլգա Գուլազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Հովհաննես Աբելյան, Գուրգեն Ջանիբեկյան: Իսկապես բեմական նախանձելի բախտ, որը չի ունեցել որեւէ հայ դերասանուհի եւ որին իրավացիորեն արժանացել էր նա: «Իմ կյանքը հեքիաթ է»,- խոստովանել է դերասանուհին: Հիրավի, հեքիաթ՝ բեմ բարձրանալ զորեղների հետ, կրել Մարտիրոս Սարյանի, Մինասի, Երվանդ Քոչարի էսքիզներով կարված բեմական զգեստները, մարմնավորել Շամիրամին «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ողբերգությունում, Մեծ Տիկնոջը՝ «Վարդանանքում», Մարթային՝ «Պաղտասար աղբարում»: Ու այսպիսի բազմաթիվ դերեր:

Իսկ թատրոնից կինո ճանապարհը շատ կարճ է: Ուստի օրինաչափ են նրա մարմնավորած ինքնատիպ ու գունեղ կերպավորումները կինոյում՝ լինեն դրանք գլխավոր, թե էպիզոդիկ. «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի», «Կրկին եկավ ամառը», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Ընկեր Փանջունի», «Ժայռը», «Մորգանի խնամին», «Դեղին թոնիր», «Հարսնացուն հյուսիսից», «Հին օրերի երգը»: Բոլորն անհնարին է թվարկել, դրանք շուրջ հիսունի են հասնում: Եվ եթե առանձնացնելու լինենք լավագուն դերակատարումներն այդ ֆիլմերում, ապա միանշանակ հիշելու ենք ողբացող Հայաստան մայրիկին՝ «Հին օրերի երգում», Արուս Վարդանյանին՝ «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունում: Ամբողջովին հակադիր կերպարներ, որոնք հայ մոր կերպարի ու ինքնության կատարյալ մարմնավորումներ են եւ, թերեւս, լավագույնները մեզանում: Եթե նույնիսկ այլ դերեր էլ խաղացած չլիներ, միայն այս երկուսը բավական էին, որպեսզի Վերջալույս Միրիջանյանն իր մնայուն տեղն ունենար հայ կինոարվեստում:

Նրա անցած ուղին իսկական նվիրում էր այն մասնագիտությանը, որն ընտրել էր, եւ նաեւ նրա շնորհիվ հայկական կինոարվեստը փառահեղ արշալույս ունեցավ: Ժամանակն է, որ այս մեծերն ավելի լայնորեն ներկայացվեն հանրությանը: Նրանք պետք են մեզ նաեւ այսօր, որովհետեւ երբ ամենուր մոլեգնում են սերիալային անհամ, ճղճիմ, հաճախ՝ մարդկային նկարագրի ու հոգեբանության հետ ոչ մի կապ չունեցող բարքերը, նրանք կատարյալ օրինակներ են՝ նոր սերնդին առաջնորդելու համար:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]