Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի 
ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայի հայերի կոմիտեից:

Նշվում է, որ բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև  հրադադարի ռեժիմը  պահպանելուն և բանակցությունները  Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն:

Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից:

«Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր  Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանվում է  Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Բելգիայի  Հայերի կոմիտեն  հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը  և խոսնակը:  Դեռևս  1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները  համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]