Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ. Շահան 
Գանտահարյանի նոր հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մինչ սեպտեմբերի 27-ը եզակի այն ձեւաչափն էր, որտեղ աշխարհաքաղաքական բեւեռային ուժերը համատեղ իրականցնում էին միջնորդական առաքելություն Հարավային Կովկասում։ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը, Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի հետ, աշխատում էին տարածաշրջանում շահերի համընկնման կետերի շուրջ համաձայնություններ գոյացնել։ 

Գլխավոր այս խաղացողների ներգրավվածությունից դժգոհ էին Անկարան եւ Թեհրանը՝ ձեւաչափից եւ քաղաքական առեւտուրներից դուրս մնացած լինելու փաստով։ Պատահական չէր, որ Բաքուն եւ Անկարան ամեն առիթով քննադատում էին ՄԽ-ի ապարդյունությունն ու առաջադրում ձեւաչափի փոփոխություն։ Մինչ Թեհրանը պատեհ առիթը բաց չէր թողում պատրաստակամություն հայտնելու՝ միջնորդի դեր վերցնելու։ 

Ըստ էության, ՄԽ-ի ձեւաչափի սառեցումը իրականացրեց Մոսկվան։ Մինչեւ պատերազմը քննարկվող փաստաթղթերում կար խաղաղապահ առաքելություն իրականցնելու առաջադրանք։ Խաղաղապահ ուժերի կազմի շուրջ չկար միջազգային համաձայնություն։ Բնականաբար Մոսկվան չեր կարող թույլ տալ, որ իր տիրույթը համարվող տարածքում տեղակայվեին ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի ուժեր, իսկ դրա դիմաց Արեւմուտքը արգելակում էր ռուսական ուժերի ժամանումը Արցախ։  

Հիմա որ երկկողմ դիմումով Մոսկվան հրավիրվել է արցախյան տարածք, դա արդեն համազոր է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դուրս մղման քայլի։ Բայց դա հնարավոր չէր լինի իրականացնել առանց Անկարայի կանաչ լույսի։ Բաքուն միայն Անկարայի թույլտվությամբ կարող էր դիմել Մոսկվային եւ տալ իր համաձայնությունը, որպեսզի իրականցվեր խաղաղապահ առաքելությունը։ 

Սա խոսում է Արեւմուտքի տարածաշրջան թափանցման արգելապատի մասին, որը ավելիով փորձում են աղյուսել վեցյակի հարթակով։ Երեւութապես պատժամիջոցների ենթարկվկող Մոսկվան, Թեհրանն ու Անկարան հայտնվել են նույն հարթակի վրա։ Թբիլիսին ու Երեւանը ներառելու փորձով առաջադրվում է կառուցել այդ արգելապատը՝ դուրս թողելով Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Մոսկվայի համաձայնությունը՝ վեցյակին ներառվելու, կհանգեցնի Երեւանի համաձայնությանը, հատկապես ներկա պայմաններում։ Խնդիրը Թբիլիսիի միանալն է․ վեցյակի ստեղծման մասին Անկարայի հնչեցրած առաջարկի նույն օրը Վրաստանի նախագահը առաջադրեց խաղաղության կովկասյան պլատֆորմ ստեղծելու գաղափարը։ Սա կարող է դիտարկվել իբրեւ խուսանավում մերժելու Անկարայի առաջարկը եւ գուցե ստեղծելու զուտ կովկասյան հանրապետությունների միացյալ հարթակ, «առաջարկ՝ առաջարկի» դիմաց դասական բանաձեւով մերժելու թուրքական նախաձեռնությունը։ Այդ դեպքում դեռեւս չի փակվի տարածաշրջան մուտք գործելու Արեւմուտքի պատուհանը, ինչը հակառակ ուղղությամբ կուրվագծի Վրաստանը մեկուսացման տանող ճանապարհ։ 

ՄԽ-ի երկու երրորդ անդամների այցը տարածաշրջան, Արցախում հանդիպման չեղարկումը եւ այս բոլորից հետո անբովանդակ հայտարարություն հրապարակելը առաւել եւս համոզում է, որ ներԵԱՀԿյան առումով ՄԽ-ի մեկ երրորդը պայքարում է երկու երրորդի դեմ։  

Այս բոլորը չեն ենթադրելու իհարկե ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական կազմալուծում։ Կարգավորման բանակցությունները վերաձեռնարկելու են։ Այստեղ, սակայն, կան ճշտելի կետեր։ Երեւանը բանակցություններին մասնակցում էր իբրեւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր։ Այդ հանգամանքը, թվում է, ձեւական է, եւ, ըստ էության, այդ կարգավիճակի տերը Մոսկվան է։  

Վեցյակի աշխատելու դեպքում, վեցյակի անդամները սկզբունքով պետք է լուծեն իրար միջեւ համեցող խնդիրները․ իսկ վեցյակի ձեւաչափը հուշում է, որ խնդիրները չեն վերաբերում միայն Ստեփանակերտին եւ Բաքվին, այլ նաեւ Անկարային ու Երեւանին։ 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]