Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է վճռական հակահարված տա Թուրքիայի, Ադրբեջանի հայտարարություններին. թուրքագետ

Հայաստանը պետք է վճռական հակահարված տա Թուրքիայի, Ադրբեջանի 
հայտարարություններին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խոսում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին: Նախագահ Ալիևը, փաստորեն, իր ագրեսիվ քաղաքականության մասին է հայտնում ամբողջ աշխարհին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանն ի ցույց է դնում նկրտումները ճանաչված Հայաստան պետության նկատմամբ:

«Երբ պատերազմը նոր էր սկսվել, արդեն ասում էի, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ոչ միայն հարձակվել և գրավել Արցախը, ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, այլև թուլացնել Հայաստանի Հանրապետությանը: Ըստ էության, Էրդողանը փորձում է շարունակել ցեղասպան այն քաղաքականությունը, որը որդեգրել էին երիտթուրքերը՝ օգտագործելով Ադրբեջանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանում կեղծ պատմագիտական քարոզչության ազդեցության է ենթարկվում ամբողջ ժողովուրդը:

Թուրքագետը պատահական չի համարում այն, որ Էրդողանն իր ելույթում հիշատակեց Էնվեր փաշային: Վերջինս հայտնի է որպես Հայոց ցեղասպանության գլխավոր նախապատրաստողներից ու կազմակերպիչներից: Դրանից բացի, նա հայտնի է նրանով, որ երիտթուրքական ղեկավարության շրջանում եղել է պանթյուրքիզմի գաղափարախոսության ամենահետևողական կողմնակիցը: Բաքվում Էնվերի անունը հիշատակելը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, նշանակում է, որ Էրդողանը թյուրքական աշխարհին ցույց է տալիս, որ լի է վճռականությամբ շարունակելու պանթյուրքիստական քաղաքականությունը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա այդ հայտարարություններին: Հակահարված տա, օգտագործելով ինչպես պատմական փաստերը, այնպես էլ վերհանի Ադրբեջանի և Թուրքիայի այդ վտանգավոր, ագրեսիվ քաղաքականության բուն էությունը, նպատակները: Նրա խոսքով, շատ կարևոր է փաստացի նյութ տրամադրել այն մասին, որ այն պատերազմը, որ Թուրքիան ու Ադրբեջանը մղեցին Արցախի դեմ, դուրս էր գալիս պատերազմական գործողությունների բոլոր կանոններից: Նրանք թույլ տվեցին բազմաթիվ հանցագործություններ մարդկության դեմ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]