Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Մեկ դար՝ ժամանակների հոլովույթում. «Վրաստան» թերթը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը

Մեկ դար՝ ժամանակների հոլովույթում. «Վրաստան» թերթը շարունակում է իր 
ազգանվեր առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մամուլի պատմության մեջ եզակի են հարյուրամյա կենսագրություն ունեցող թերթերն ու պարբերականները: Քչերին է բախտ վիճակվում դիմակայել ժամանակների վայրիվերումներին, մանավանդ, եթե հասարակարգեր են փոխվում, գաղափարախոսություններ եւ արժեքների գնահատման չափանիշներ:

Այդ քչերից է մեր հնօրյա հարեւան ու բարեկամ երկրի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1920 թվականից լույս տեսնող հայատառ «Վրաստան» (նախկին «Խորհրդային Վրաստան») թերթը, որը գոյատեւել ու յուրօրինակ տարեգրություն է կերտել՝ շնորհիվ իր վարած հավասարակշիռ ու պետականամետ քաղաքականության, նվաճել ընթերցողների բազմահազարանոց բանակ: Ասենք, որ այն այսօր հրատարակվում է 4000 օրինակ տպաքանակով, որը շահեկանորեն պատկառելի թիվ կարելի է համարել նոր ժամանակների ու ինֆորմացիոն տեղատարափի պայմաններում: Ավելին՝ պահպանվել է ավանդական կապը ընթերցողների հետ մանավանդ հայահոծ հեռավոր շրջաններում:

Շաբաթաթերթը հասնում է ոչ միայն վրաց մայրաքաղաքի, այլեւ եղբայրական ողջ Վրաստանի մայրենաբառ  հայ ընթերցողին:  Թերթի այս առաքելությունն անչափ կարեւոր է վրաստանաբնակ հայության հատկապես այն հատվածի համար, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ հանգամանքների բերումով չեն տիրապետում վրացերենին, չեն կարողանում կարդալ այդ լեզվով: Մինչդեռ նրանց եւս անհրաժեշտ է տեղեկացված լինել երկրորդ հայրենիք համարվող երկրում տեղի ունեցող իրադարձություններին, փոփոխվող կամ նոր ընդունված օրենքներին, հասարակական-քաղաքական կյանքում տիրող մթնոլորտին, Հայաստանում, Արցախում առկա մտահոգիչ կամ ուրախառիթ իրողություններին: Թերթն իր անուրանալի նպաստն է բերում նաեւ հայապահպանության ազգաշահ գործին, քանզի իր յուրաքանչյուր համարի մուտքով հայկական օջախ, իրենով հայեցի նոր շունչ է ավելացնում հայ ընտանիքներում:

Շնորհակալությամբ ասենք, որ թերթի դարատեւ գոյատեւման գործում անուրանալի է «Վրաստանի» 13-րդ խմբագրի՝ բազմափորձ ու վաստակաշատ խմբագիր Վան Բայբուրդյանի նվիրումն ու դերը: Նշենք, որ նա խորհրդային ժամանակներում 14 տարի անընդմեջ Վրաստանում սեփական թղթակիցն է եղել ռուսական կենտրոնական  ու հեղինակավոր թերթերի, իսկ այսօրվա հայատառ պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 1986 թվականին՝ այն ժամանակվա վրաց երկրի առաջին դեմքի՝ Պատիաշվիլու հրավերով ու հորդորով: Այդ օրերին թերթը լույս էր տեսնում 32 հազար տպաքանակով, որն այնուհետեւ հասավ մինչեւ նախանձելի 50 հազարի: Իսկապես պատկառելի տպաքանակ, որն արդյունք էր նպատակային ու կշռադատված խմբագրային քաղաքականության:

Ի դեպ, մեծարգո մեր գործընկերը հպարտությամբ է նշում, որ ինքն ուսանել է Թբիլիսիի այն նույն՝ թիվ 40  դպրոցում, ուր հաճախել են մեր ազգը համաշխարհային հանրությանը ներկայացրած ու պատիվ բերող երկու հանճար՝ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը եւ տիեզերքը նվաճած աստղաֆիզիկոս-հսկան՝ Վիկտոր Համբարձումյանը, անուններ, որոնք պատվախնդրության են պարտավորեցնում թբիլիսաբնակ արժանապատիվ հայերին… Ինչ իմանաս, թե նույն գործոնը չէ «Վրաստան» թերթի գործունեությունն ապահովող մեծարգո  խմբագիր Վան Բայբուրդյանի պարագայում: Գուցե եւ այդպես...

Ուստի, սրտանց շնորհավորենք 100-ամյա վաստակաբեռն թերթի փառավոր հոբելյանը, հարատեւումի ճանապարհ մաղթենք, անթիվ անհամար ընթերցողներ, ուժ ու նորոգ եռանդ՝ խմբագրին ու խմբագրակազմին, որպեսզի պարբերականը կարողանա շարունակել ազգաշահ իր երթը հեղհեղուկ ժամանակների հոլովույթում եւ նոր չափաբաժին ավելացնի հայ-վրաց բարեկամության գանձանակում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ        








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]